«Կենտրոնի բաժանմունքում ենք». Արմեն Աշոտյանին բերման են ենթարկել
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել։
«Ինձ և ևս մի քանի տասնյակ հոգի բերման ենթարկեցին։ Հիմա Կենտրոնի բաժանմունքում ենք։ Նիկոլին փաստորեն Իմոդիումը չօգնեց։ Պիտի միանգամից պռոբկա խփել։
Իսկ մեր պայքարը շարունակվելու է»,-գրել է նա:
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։