ՄԱԿ-ը տեղեկացրել է Ուկրաինայի նավահանգիստներում միլիոնավոր տոննա հացահատիկի արգելափակման մասին
Մոտ չորսուկես միլիոն տոննա հացահատիկ արգելափակված է Ուկրաինայի նավահանգիստներում։ Ռուսական զինված ներխուժման համատեքստում մթերքն անհնար է արտահանել ծովային ճանապարհների փակ լինելու պատճառով։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի ներկայացուցիչ Մարտին Ֆրիկը, գրել է dpa գործակալությունը։
Մինչեւ պատերազմն սկսվելը Ուկրաինան աշխարհում ցորենի ամենամեծ արտադրողներից եւ եգիպտացորեն արտադրողներից մեկն էր։ Շատ երկրներ կախված են ուկրաինական ցորենի մատակարարումներից, նշել են ՄԱԿ-ում։
«Սովը չպետք է զենք լինի»,- ասել է Ֆրիկը։ Նա կոչ է արել վերսկսել ուկրաինական արտադրանքի մատակարարումներն այլ երկրներ, որպեսզի մեղմվի գլոբալ պարենային ճգնաժամը։
Արեւմուտքի երկրները բազմիցս նախազգուշացրել են մի շարք երկրներում հավանական պարենային ճգնաժամի եւ սովի մասին՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմի պատճառով, քանի որ այդ պետությունները հացահատիկի խոշոր արտահանողներ են։ Մարտին ՄԱԿ-ը գրանցել էր մթերքների գների ավելի քան 12 տոկոս աճ։ Նման աճ չէր եղել 1990 թվականից ի վեր։
Մթերքների գների կտրուկ աճը եւ Ռուսաստանից ու Ուկրաինայից մատակարարումների խափանումները սպառնալիքի տակ են դրել պարենային իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում եւ Ասիայի որոշ շրջաններում, որտեղ բնակչությունը մշտապես թերսնված է, եւ որտեղ միլիոնավոր մարդիկ գոյությունը պահպանում են ի հաշիվ սուբսիդավորվող հացի եւ էժան լապշայի։