ՆԱՍԱ-ն կզբաղվի Ուրանի ուսումնասիրությամբ
ԱՄՆ Գիտությունների, բժշկության եւ ինժեներիայի ազգային ակադեմիան զեկույց է հրապարակել, որում ներկայացված են առաջիկա տասնամյակի առաջնահերթությունները՝ կապված տիեզերքի ուսումնասիրությունների հետ:
Ակադեմիան ինքնին անկախ է եւ օգնում է ամերիկյան տիեզերական գերատեսչությանը նպատակներ սահմանել, առաջադրանքներ նախանշել եւ գնահատել այս կամ այն իրադարձության կարեւորությունը: Մասնագետների ուսումնասիրության արդյունքում առաջնային թիրախներ են նշվել Ուրանն ու Էնցելադը (Սատուրնի արբանյակը), գրում է Planet Today-ը:
Հարկ է նշել, որ ՆԱՍԱ-ն բավականին լրջորեն է վերաբերվում Ազգային ակադեմիայի խորհուրդներին: Նախորդ տասնամյակի երեք առաջնահերթ առաջադրանքներից իրագործվել են երկուսը: Երրորդ նպատակը հենց Ուրանի ուսումնասիրությունն էր:
Գիտնականների խոսքով՝ Ուրանն ու Էնցելադը հետաքրքիր են ուսումնասիրության համար, քանի որ ներկայում դրանց մասին քիչ բան է հայտնի:
Աղբյուրները հայտնում են, որ այժմ շատ բան կախված է հենց ՆԱՍԱ-ից: Այդ նախագծերի իրականացման համար մեծ բյուջեներ են պահանջվում: