Փոքրիկ, արագավազ Իշխանին. Վահագն Ալեքսանյանի տեսաուղերձը
Այս տեսաուղերձը ուզում եմ հղել փոքրիկ, արագավազ Իշխանին, նույն ինքը, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Սաղաթելյանը հանրահավաքում իր ելույթի ժամանակ անդրադարձել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, և անձամբ Վահագն Ալեքսանյանին։
«Փաստեմ մեկ անգամ՝ ակնհայտ է, որ Իշխան Սաղաթելյանը կամ այսուհետ փոքրիկ Իշխանը իրենց վտառի ամենահամարձակ ձուկն է։ Նաև փաստեմ, որ պարոն Սաղաթելյանը, նույն ինքը փոքրիկ Իշխանը, շատ փոքր ձուկ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մասին նման արտահայտություններ անի»,-նշել է Վահագն Ալեքսանյանը ու հավելել, որ եթե Իշխան Սաղաթելյանը համարձակություն ունի, կարող «արագ վազքով» լիագումար նիստերի օրը գա ԱԺ և նույնը խորհրդարանի ամբիոնից անի՝ իրենց աչքերի մեջ նայելով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը դիմել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ազգային ժողովի խմբակցությանը։
«Դուք գերի եք մեկ մարդու ձեռքում, պարզապես գերի եք։ Ձեր մեծամասնությունն անմիջական առնչություն չունի նրա հանցանքների և որոշումների հետ։ Դուք ունեք պատմական շանս՝ ձեր սխալն ուղղելու, կանգնելու ժողովրդի կողքին։ Սա ձեր վերջին շանսն է՝ ուղղվելու, հասկանալու, գիտակցելու և լինելու ժողովրդի կողքին։ Հետագայում ուշ է լինելու», – ասաց նա։
Ընդդիմադիր գործիչն ընդգծել է՝ ՔՊ խմբակցության պատգամավորները պետք է իրականում գիտակցեն իրավիճակն ու որոշում կայացնեն առաջիկա 1-2 օրվա ընթացքում։