Հեռու չի այն օրը, որ Փաշինյանը հրաժարական կտա. Առուշ Առուշանյան
ՏեսանյութերՄենք պետք է պայքարենք, պետք է մեր իմունիտետը, որ սպանել են մեր մեջ, պետք է վերականգնենք ու պայքարենք թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամու դեմ․ այս մասին ասել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ներկա Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
«Այն, ինչ տեղի էր ունենում Արեւմտյան Հայաստանում 20-րդ դարի սկզբին,նույնությամբ կրկնվում է այսօր: Եթե ժողովուրդը շատ արագ ուշքի չգա, մենք կկրկնենք նույն ճակատագիրը»,- ասել է Առուշանյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ մանիպուլյացիայի են դիմում՝ ասելով, որ հանրահավաքները կարող են հանգեցնել պատերազմի:
«Նրանք նույնիսկ չգիտեն, թե որտեղ է սկսվում մեր սահմանը եւ որտեղ վերջանում: Ներկայիս պայմաններում ամեն օր մարդկանց են առեւանգում, թշնամին ներթափանցում է մեր ինքնիշխան տարածք, էլ ո՞ւր ավելի վատ: Այսպես կոչված խաղաղության օրակարգն առասպել է: Այն գոյություն չունի: Մենք պետք է վերականգնենք մեր իմունիտետը, պայքարենք ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին թշնամու դեմ»,- հավելել է Առուշանյանը: