Գերմանիան մտադիր է օգնել երկրներին, որոնք կարող են բախվել սովի խնդրին
Գերմանիան մտադիր է օգնել երկրներին, որոնք կարող են ուկրաինական իրադարձությունների պատճառով բախվել սովի խնդրին, հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը մայիսի 1-ի առթիվ Դյուսելդորֆում կազմակերպված միջոցառման ժամանակ։
«Հիմա մենք պետք է անհանգստանանք այն փաստի համար, որ կլինեն նրանք, ովքեր քաղցած կմնան, որ կան երկրներ, որոնք այլևս չեն կարող իրենց թույլ տալ հացահատիկ գնել իրենց բնակչության համար: Մենք չենք լքի այս աղքատ երկրներին, մենք կաջակցենք նրանց»,-ասել է նա:
Կանցլերի խոսքով՝ այժմ Ուկրաինան, լինելով հացահատիկի հիմնական մատակարարներից մեկը, մեծապես սահմանափակված է արտահանման իր հնարավորություններով:
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը ավելի վաղ հայտնել էր, որ պարենի համաշխարհային գները մարտին աճել են 12,6%-ով՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի 1990 թվականից ի վեր: Դա պայմանավորված է բուսական յուղի, հացահատիկի ու մսի գների ռեկորդային աճով, շաքարավազի ու կաթնամթերքի գների զգալի աճով։