ՌԴ ԶՈւ-ն «Օնիքս» գերձայնային հրթիռներով ոչնչացրել է Օդեսայում ԱՄՆ-ից և Եվրոպայից ստացված զինամթերքով անգարը
Ռուսաստանի Զինված ուժերը «Օնիքս» գերձայնային հրթիռներով հարված են հասցրել Օդեսայի ռազմական օդակայանի ուղղությամբ, որի արդյունքում ոչնչացվել է ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից ստացված սպառազինման ու զինամթերքի պահեստը: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Օդեսայի մարզում ռազմական օդանավակայանի բարձր ճշգրտության «Օնիքս» հրթիռները ոչնչացրել են ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից ստացված զենքերով ու զինամթերքով անգարը, ինչպես նաև ոչնչացվել է թռիչքուղին»,- ասել է Կոնաշենկովը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։