Բունդեսվերը մտադիր է գնացք-հիվանդանոցներ ստեղծել
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է բունդեսվերի համար գնացք-հիվանդանոցներ ստեղծել՝ ICE 3neo մոդելի գերարագընթաց գնացքների հիման վրա: 2025 թ. շահագործման պետք է հանձնվի առնվազն 3 նմանօրինակ երկաթուղային լազարեթ: Այս մասին Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:
Վերջինիս խոսքով՝ այդ գնացքները հնարավոր կլինի օգտագործել վիրավորներին, ինչպես նաեւ վերակենդանացման կարիք ունեցող ծանր հիվանդներին տեղափոխելու համար, այդ նպատակով 30 նստատեղերը կարող են փոխարինվել համապատասխան մահճակալներով:
Բացի այդ, գնացք-հիվանդանոցը կարող է կիրառվել վերակենդանացման բաժանմունքում բուժվող քաղաքացիական անձանց տեղափոխելու համար: Համավարակի ընթացքում այդ նպատակով բունդեսվերն օգտագործել էր «թռչող հիվանդանոցները»:
«Թռչող հիվանդանոցը» (Airbus A310 MedEvac) կարող է 11 000 կմ անցնել՝ առանց վերալիցքավորման: Դրանցում ինտենսիվ թերապիայի վեց մոդուլ կա եւ մինչեւ 38 տեղ՝ նախատեսված թեթեւ վնասվածք ստացած անձանց համար:
Ինքնաթիռում թոքերի արհեստական օդափոխման, ինչպես նաեւ արյան շրջանառությունը վերահսկող, շարժական ուլտրաձայնային հետազոտության եւ այլ սարքավորումներ կան: