Մակրոնը խոստացել է ավելացնել Կիևին ցուցաբերվող ռազմական աջակցությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, որը տևել է շուրջ մեկ ժամ՝ հայտնել են Ելիսեյան պալատից։
Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է նպաստելու Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ հնարավոր համաձայնագրին։ Նախագահները քննարկել են նաև Ուկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ բանակցությունների հեռանկարները։
Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Մարիուպոլում ստեղծված իրավիճակի և Ուկրաինայում չդադարող կրակի կապակցությամբ։ Նա խոստացել է ավելացնել Կիևին ռազմական և մարդասիրական աջակցությունը, ինչպես նաև օգնել ռազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու հարցում։ Ելիսեյան պալատից հիշեցրել են՝ Ֆրանսիան արդեն ավելի քան 615 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա։
Շուրջ մեկ ժամ տևած հեռախոսազրույցից հետո Զելենսկին Twitter-ի միկրոբլոգում հայտնել է, որ Մակրոնի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում, ինչպես նաև Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հարցում գործակցությունը։