Երևանի քաղաքապետը հյուրընկալել է ջազի վարպետներին
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է ջազի հայ վարպետներին ու Հայաստան ժամանած աշխարհահռչակ ջազային երաժիշտներին
Ապրիլի 30-ին ամբողջ աշխարհում նշվում է Ջազի միջազգային օրը: Տոնին միացած Երևանը ևս քաղաքի բնակիչներին ու հյուրերին ջազառատ օր է նվիրել: Մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանում կազմակերպված ջազային ֆլեշմոբին բազմաթիվ ուղևորների հետ միասին հետևել են նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Ելույթներով հանդես են եկել ջազային հայտնի երաժիշտներ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանն ու Ֆրանսիայից ժամանած Անդրե Մանուկյանը:
Ջազի հայ վարպետներն ու Հայաստան ժամանած աշխարհահռչակ ջազային երաժիշտները հյուրընկալվել են նաև քաղաքապետարանում: