Գերմանիան Իտալիայի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան
Գերմանիան Իտալիայի դեմ հայց է ներկայացրել Հաագայի Արդարադատության միջազգային դատարան՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական հանցագործությունների համար փոխհատուցումների վճարման հետ կապված կոնֆլիկտի կապակցությամբ։ Դաշնային Հանրապետությունը մեղադրում է Իտալիային, որ ի հեճուկս ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2012 թվականի որոշման, այն փոխհատուցման նոր վարույթներ է թույլ տվել Գերմանիայի դեմ (առնվազն 25 հայց, որոնցից 15-ը որոշվել է հօգուտ հայցվորների), հայտնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությունը։
Մեկ տասնամյակ առաջ ՄԱԿ-ի Գերագույն դատարանը երկար դատավարության ընթացքում որոշում կայացրեց, որ Գերմանիան չպետք է անհատական փոխհատուցում վճարի Իտալիայում նացիզմի զոհերին: Դրանով Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է Պետության անձեռնմխելիության սկզբունքը, ըստ որի՝ Իտալիայում մասնավոր հայցվորների օգտին կայացված վճիռներն անվավեր են։
Գերմանիայի կառավարությունն իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ փոխհատուցման հարցերն արդեն կարգավորվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով միջպետական համաձայնագրերի շրջանակներում։ 2008 թվականին Գերմանիան դիմել էր Արդարադատության միջազգային դատարան՝ պարզելու, թե արդյո՞ք Իտալիայի վճիռները, որոնք Գերմանիային պարտավորեցնում են անհատական փոխհատուցում վճարել, համապատասխանում են միջազգային իրավունքին։
Այս որոշումները վերաբերում են Իտալիայի նացիստական օկուպացիայի ժամանակ 1943 թվականի սեպտեմբերից մինչեւ 1945 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում կատարված հանցագործություններին։
Արդարադատության միջազգային դատարանի վճիռները պարտադիր բնույթ են կրում։ Միեւնույն ժամանակ, ՄԱԿ-ի դատարանը չունի իր որոշումներն ի կատար ածելու գործիքներ։