Ասպրամ Կրպեյանի գլխավորած երթը հասել է Չարենցավան. այսօրվա վերջնակետը Աբովյանն է
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի Իջեւանից գլխավորած երթը հասել է Չարենցավան: Չարենցավանի ճանապարհին երթի մասնակիցներին ողջունեցին նրանց աջակիցները:
«150 կմ-ից արդեն 130-ը քայլել ենք, այսօր Չարենցավանից պետք է հասնենք Աբովյան: Առանց Արցախ չկա Հայաստան եւ առանց Հայաստան չկա Արցախ»,-ասել է նա իր ֆեյսբուքյան լայվի ժամանակ:
Ճանապարհին մեքենաները ազդանշաներով ողջունում են երթի մասնակիցներին:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր ապրիլի 25-ից մեկնարկող ակտիվ պայքարի նոր փուլի մասին, որի շրջանակներում Հայաստանի 4 խորհրդանշական վայրերից երթով շարժվելու են դեպի Երևան։
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Ասպրամ Կրպեյանը ապրիլի 25-ին, մի խումբ իջևանցիների հետ երթով Իջևանից շարժվել են դեպի Երևան։«Դիմադրություն» շարժման երկրորդ խումբը ապրիլի 26-ին, սկսել է իր քայլերթը Տիգրանաշենից։ Այն գլխավորում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Հաջորդ երկու խմբերը շարժվել են դեպի Երեւան Սարդարապատից եւ Բաշ-Ապարանից։
Բոլորը այս խմբերը մայիսի 1-ին կհասնեն Երեւան եւ ընդդիմությունը մեծ հանրահավաք կանցկացնի Երեւանում ժամը 16:00-ին` Ֆրանսիայի հրապարակում: