Գերմանիայի իշխանությունները կարող են էներգետիկ ընկերությունների ունեցվածքն օտարելու իրավունք ստանան
Գերմանիայի կառավարությունը պետք է հնարավորություն ունենա էներգետիկ ճգնաժամի դեպքում միջամտել շուկայի իրավիճակին եւ անհրաժեշտության դեպքում օտարել ընկերությունների ունեցվածքը։ Դա նախատեսված է Էներգետիկ անվտանգության մասին օրենքի փոփոխությամբ, որն առաջին անգամ քննարկվել է Բունդեսթագում ուրբաթ օրը, հայտնում է Deutsche Welle-ն։
Գերմանիայի տնտեսական հարցերի եւ կլիմայի պաշտպանության նախարարի խորհրդարանական պետքարտուղար Օլիվեր Կրիշերն ասել է, որ փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն որքան հնարավոր է շուտ։
Կրիշերի խոսքով՝ նորամուծությունները կարող են հիմք դառնալ, որպեսզի Շվեդտում (Բրանդենբուրգ) գտնվող PCK Raffinerie գործարանը, որը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է ռուսական «Ռոսնեֆտ»-ի կողմից, հայտնվի գերմանական պետական վերահսկողության տակ։
Տնտեսական հարցերի եւ կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկն ավելի վաղ ասել էր, որ Ուկրաինայում ռուսական պատերազմի մեկնարկից անցած ութ շաբաթվա ընթացքում Գերմանիայի կախվածությունը ռուսական նավթից 35 տոկոսից կրճատվել է մինչեւ 12 տոկոս։ Այս գործընթացի շարունակությունը կասկածի տակ է դնում Շվեդտում նավթավերամշակման գործարանի հետագա դերը։ Հաբեկը Ռուսաստանի դեմ նավթի արեւմտյան հնարավոր էմբարգոն «լուծելի» խնդիր է համարում։
Օլիվեր Կրիշերն իր հերթին նշել է, որ օտարումը, որպես «վերջին միջոց», պետք է հնարավոր լինի հստակ սահմանված եւ շատ սահմանափակ պայմաններում։ Պետքարտուղարը հավելել է, որ անընդունելի է, որպեսզի էներգետիկ ենթակառուցվածքի սեփականատերը վտանգի ենթարկի մատակարարումները։
Նրա կարծիքի հետ համաձայն է Ազատ դեմոկրատական կուսակցությունից քաղաքական գործիչ Մայքլ Կրուզը, ով մասնագիտացած է էներգետիկայի հարցերում։
2021 թվականին Գերմանիա Ռուսաստանից ներկրված 28.1 միլիոն տոննա նավթից ավելի քան երկու երրորդն անցել է «Դրուժբա» խողովակաշարով։ Գերմանիայի արեւելքում 2022 թվականի սկզբի դրությամբ «Դրուժբա»-յից ամբողջովին կախված էին երկու խոշոր նավթավերամշակման գործարաններ՝ PCK Raffinerie-ն Շվեդտում՝ Լեհաստանի հետ սահմանին, եւ գործարանը Լոյնայում՝ Բեռլինից հարավ-արեւմուտք:
Ինչպես ավելի վաղ DW-ի հետ զրույցում պարզաբանել էր Քյոլնի գերմանական տնտեսագիտության ինստիտուտի (IW) հետազոտության հեղինակ Թոմաս Պուլսը, Շվեդտի գործարանը կարող է իրեն անհրաժեշտ հում նավթի մոտ երկու երրորդը ստանալ խողովակաշարով Ռոստոկ նավահանգստից: Վերջինս, սակայն, այդ պայմաններում ստիպված կլինի աշխատել տեխնիկական հնարավորությունների եզրին: