Ուկրաինան քրեական գործ է հարուցել Մոլդովայում Ադրբեջանի դեսպանի դեմ
Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել Մոլդովայում Ադրբեջանի դեսպան Գուդսի Օսմանովի դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ գործը բացվել է Օսմանովի՝ Ղրիմ այցի պատճառով։ Այդ մասին ուկրաինացի իրավապահները տեղեկացել են «մատնությունից»։ Համապատասխան փաստաթղթերը ռուս զինծառայողները հայտնաբերել են Խերսոնում։
2021 թվականի մարտի 6-ին «Ղրիմի եւ Սեւաստոպոլի Ինքնավար Հանրապետության» դատախազություն էր դիմել Ovqat.com պորտալի գլխավոր խմբագիր Հեյդար Օգուզը։ Նա հայտնել էր, որ, իր տեղեկություններով, քրեական գործ է հարուցվել Մոլդովայում Ադրբեջանի դեսպան Գուդսի Օսմանովի՝ Ղրիմ այցի փաստի առթիվ եւ խնդրել է ճշտել, թե որքանով է այդ տեղեկությունը համապատասխանում իրականությանը։
Չորս օր անց գլխավոր խմբագիրը պատասխան էր ստացել «Ղրիմի եւ Սեւաստոպոլի Ինքնավար Հանրապետության» դատախազությունից։ Դրանում ասվում է, որ դիմում է ստացվել Մոլդովայում Ադրբեջանի դեսպանի՝ Ղրիմ այցի վերաբերյալ, եւ որ դատախազությունը ղեկավարում է թերակղզի մուտք գործելու ընթացակարգի խախտման փաստով գործը, փոխանցում է ՄԿ-ն: