Haribo-ն ևս կդադարեցնի մատակարարումները Ռուսաստան
Քաղցրավենիք արտադրող գերմանական Haribo ընկերությունը որոշել է դադարեցնել ապրանքների մատակարարումները Ռուսաստան։ Այս մասին հաղորդում է «РБК» գործակալությունը:
«Ղեկավարությունը որոշել է դադարեցնել արտադրությունը ռուսական շուկայի համար», - ասվում է նամակում, որը ստորագրել է Haribo-ի տնօրեն Վալտեր Նիկոլաուսը:
Միաժամանակ ընկերությունից ընդգծել են, որ այս հանգամանքը չի նշանակում, որ ընկերությունը հայտարարում է շուկայից ընդմիշտ հեռանալու մասին։
Նրանք նշել են, որ ուկրաինական հակամարտությունը սրել է տնտեսական իրավիճակը Ռուսաստանում և աշխարհում, ինչը հանգեցրել է «հումքի գների զգալի աճին, արտադրության ծախսերին, մատակարարման շղթայում խոշոր փոփոխություններին և ապրանքների փոխադրման սակագների բարձրացմանը»:
«Ներկա իրավիճակի ֆոնին «Հարիբո»-ն, որպես ընտանեկան բիզնես, պետք է պաշտպանի կազմակերպության առևտրային շահերը և, հետևաբար, որոշ ժամանակով դադարեցնի իր գործունեությունը և որոշի այն ճանապարհը, որով բիզնեսը Ռուսաստանում կգնա ավելի առաջ»,-ասված է փաստաթղթում: