Թուրքմենստանի նախագահը պահանջել է արագացնել Աշգաբադի մոտ նոր քաղաքի կառուցումը
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը կառավարությունից պահանջել է արագացնել Աշգաբադի մոտ Ախալի վելայաթի (մարզի) նոր վարչական կենտրոնի շինարարությունը։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է Թուրքմենստանի պետական տեղեկատվական գործակալությունը։
Թուրքմենստանի նախագահը, գործակալության տվյալներով, նախօրեի երեկոյան կառավարության արտագնա նիստ է անցկացրել Ախալի վելայաթում, որի վարչական կենտրոնը ներկա պահին Անաու քաղաքում է (Աշգաբադի արվարձան)։ Նիստի ժամանակ Բերդիմուհամեդովը նաեւ դժգոհություն է հայտնել օգտագործվող շինանյութերի որակից եւ աշխատանքների ուշացումից։ Պետության ղեկավարը միեւնույն ժամանակ նշել է, որ նոր քաղաքի կառուցումը, ընդհանուր առմամբ, մոտենում է ավարտին, սկսվում է բարեկարգման փուլը։
«Ախալ-սիթի» նախագծով շինարարությունն սկսվել է 2019թ., Թուրքմենստանի մայրաքաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքի անվանումը կորոշվի համաժողովրդական քննարկմամբ։ Նոր քաղաքը պետք է խոշոր գործնական եւ ներդրումային կենտրոն լինի, այն կառուցվում է առաջավոր շինարարական եւ թվային տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Նախագծի պլանը նախատեսում է 336 օբյեկտ, այդ թվում 11 հանրային եւ 26 վարչական շենք, 19 ուսումնական հաստատություն, 258 բնակելի տուն, ութ բժշկական եւ մարզական կառույց, 14 ներքին եւ արտաքին ինժեներական համակարգ եւ կառույց։
Ախալի վելայաթը կազմավորվել է 1992թ., մինչ այդ տարածքն անվանվում էր Աշգաբադի մարզ։ Թուրքմենստանի մայրաքաղաքն այժմ առանձին տարածքային միավոր է։ Ախալի վելայաթի ներկայիս վարչական կենտրոնը Անաու քաղաքն է, որը գտնվում է մայրաքաղաքից ութ կիլոմետր արեւելք։ Ախալի վելայաթի նոր մայրաքաղաքը կառուցվում է Աշգաբադից հարավ-արեւմուտք։