Երուսաղեմում ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել Տաճարի լեռան մոտ անկարգությունների ժամանակ
Իսրայելի ոստիկանությունը ուրբաթ առավոտյան ամբոխի վերահսկողությունը վերականգնելու միջոցներ է կիրառել՝ Տաճարի լեռան Ալ Աքսա մզկիթի մոտ անկարգությունները ճնշելու համար։ Այս մասին տեղեկացրել է Kan ռադիոկայանը։
Ռադիոկայանի տվյալներով՝ բախումների ընթացքում անկարգությունների հարյուրավոր մասնակիցներ ճայթռուկներ եւ քարեր են նետել ոստիկանների վրա, ոստիկաններն ի պատասխան արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ են կիրառել։ Kan-ը, հղում կատարելով պաղեստինյան բժշկական ծառայություններին, տեղեկացրել է, որ տուժել է մոտ տասը արաբ։ Ռադիոկայանի տեղեկատվությամբ՝ բախումների ժամանակ մի քանի մասնակիցներ, որոնք դիմակով են եղել, բարձրացրել են Գազայի հատվածում կառավարող պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դրոշը։
«Պաղեստինցի հարյուրավոր խուլիգաններ այսօր առավոտյան, Տաճարի լեռան Ալ Աքսա մզկիթի մոտ անկարգություններ են կազմակերպել։ Ոստիկանությունը հարկադրված էր բարձրանալ լեռ, որպեսզի ցրի ագրեսիվ ամբոխը եւ առավոտյան աղոթքի մասնակիցներին հնարավորություն տա անվտանգ հեռանալ»,- տեղեկացրել է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Kan-ը տեղեկացրել է, որ ոստիկանական ուժերը Երուսաղեմում, Ռամադանի վերջին ուրբաթ օրը, բերվել են բարձր պատրաստվածության վիճակի՝ անկարգություններ եւ բախումներ թույլ չտալու համար։ Երուսաղեմի Հին քաղաքում իրադրությունը սրվել էր ապրիլի 15-ին, Տաճարի լեռ հրեա ուխտավորների խմբի այցելությունից հետո։