Ալիևը պնդում է, որ Բաքու, Անկարա, Երևան եռակողմ ձևաչափով բանակցություններ լինեն
«Հայաստանը մերժել է տարբեր մակարդակներում, մասնավորապես՝ ԱԳՆ ղեկավարների, տարբեր մասնագետների մակարդակով, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ձեւաչափով եռակողմ բանակցություններ վարելու մի քանի առաջարկները։
Մեր գործընկերները տեղյակ են այս մասին։ Հրաժարվելու պատճառները ոչ ոք չգիտի, այս մոտեցումը համարում եմ չափազանց անարդյունավետ։ Եթե մենք նայենք տարածաշրջանի ապագային, ապա Հայաստանի քաղաքականությունը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում տարածաշրջանային անվտանգության, Հարավային Կովկասում համագործակցության եւ զարգացման շրջանակներում։ Հայաստանը պետք է հարաբերություններ հաստատի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ընդ որում՝ հրաժարվելով տարածքային պահանջներից»,- ասել է Ալիեւը՝ ելույթ ունենալով «Հարավային Կովկաս. զարգացում եւ համագործակցություն» միջազգային համաժողովում։ Հատկապես խորհրդանշական է, որ համաժողովը տեղի է ունենում օկուպացված հայկական Շուշի քաղաքում։
«Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի եւ Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններից։ Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարելի մեկուսի, «կղզիացած» ռեժիմ մնալ տարածաշրջանում։ Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելով եւ հրաժարվելով Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններից՝ նա չպետք է խոչընդոտի եռակողմ համագործակցության գործընթացին»,- ասել է Ալիևը։