Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչներին Ադրբեջանի քաղաքացիներ է ընկալում
Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչներին Ադրբեջանի քաղաքացի է համարում։ Այս մասին Ադրբեջանի նախագահը տեղեկացրել է՝ ելույթ ունենալով «Հարավային Կովկաս. զարգացում եւ համագործակցություն» միջազգային համաժողովում։ Հատկապես խորհրդանշական է, որ համաժողովը տեղի է ունենում օկուպացված հայկական Շուշի քաղաքում։
«Մենք Ղարաբաղում ապրող հայերին ընկալում ենք որպես մեր քաղաքացիներ։ Հույս ունենք, որ նրանք եւս շուտով կհասկանան, որ, որպես Ադրբեջանի քաղաքացիներ, ունեն անվտանգության բոլոր իրավունքներն ու երաշխիքները», ասել է Ալիեւը, որի խոսքերը փոխանցել է APA-ն։
«Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, երկիր է, որտեղ ապրում են բազմաթիվ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ «նրանք բոլորն ապրում են մեր երկրում հաշտ ու համերաշխ։ Ադրբեջանում ապրում էին նաեւ հայ ժողովրդի ներկայացուցիչները, եւ նրանք երբեք չեն բախվել որեւէ խնդրի։ Ուստի, ադրբեջանատյացության քարոզին Հայաստանում պետք է վերջ դրվի։ Մեր մասին Հայաստանում ստեղծված առասպելները երբեք չեն նպաստի խաղաղությանը»։
Անցած դարավերջին Ադրբեջանի հայ բնակչությունը էթնիկ զտումների մի քանի ալիքների հետեւանքով արտաքսվեց Ադրբեջանից։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը եւ հաղթեց Ադրբեջանի կողմից իրեն պարտադրված պատերազմում։