Հայաստանը պետք է ընդունի նոր իրողությունները տարածաշրջանում և հրաժարվի ռեւանշիզմից. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նորից, այս անգամ՝ քողարկված, սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։
«Ես մեկ տարուց ավելի է՝ ասում եմ, որ Հայաստանը պետք է ստորագրի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ։ Հայկական կողմը միայն վերջերս է համաձայնություն հայտնել։ Նույնը՝ սահմանագծման վերաբերյալ։ Սպասում ենք, որ շատ շուտով տեղի կունենան հանդիպումներ հանձնաժողովի շրջանակում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով «Հարավային Կովկաս. զարգացում եւ համագործակցություն» միջազգային համաժողովում։ Հատկապես խորհրդանշական է, որ համաժողովը տեղի է ունենում օկուպացված հայկական Շուշի քաղաքում։
«Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ։ Հիմա մենք տեսնում ենք քայլեր հայկական կողմից խաղաղության օրակարգի վերաբերյալ։ Հայաստանը եւ նրա քաղաքական էլիտան պետք է ընդունեն նոր իրողությունները տարածաշրջանում եւ հրաժարվեն ռեւանշիզմից։ Բացի այդ, հարկավոր են քայլեր տարածաշրջանում երկարատեւ եւ կայուն խաղաղության ապահովման համար»,- ավելացրել է Ադրբեջանի նախագահը, տեղեկացրել է haqqin.az-ը։
Նրա խոսքով՝ «ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո անցած այս ընթացքում Հայաստանը, հույս ունեմ, գիտակցել է, թե որքան կարեւոր է խաղաղությունը։ Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, եթե կիրառվեն հիշատակված հինգ սկզբունքները, ապա տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղություն կլինի»։
Ալիեւը չի մոռացել հիշատակել Թուրքիայի դերի մասին. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անցած տարվա հունիսին ստորագրված «Շուշիի հռչակագիրը» մեր եղբայրության եւ համագործակցության վառ օրինակն է։ Այդ փաստաթղթով մենք ձեւակերպել ենք մեր համագործակցությունը բոլոր ձեւաչափերում»։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան դաշնակիցներ են բոլոր, այդ թվում ռազմական եւ պաշտպանական ոլորտներում։
Իսկ ընդհանուր առմամբ, Ադրբեջանի գլխավոր նպատակը Ղարաբաղը վերականգնելն է եւ այնտեղ նախկին փախստականներին վերադարձնելը»,- ասել է Ալիեւը։ Նա նաեւ տեղեկացրել է, որ շատ շուտով տեղի կունենա արդբեջանա-հայկական համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը։ «Մենք ակտիվորեն հանդես ենք գալիս Կովկասում նոր դարաշրջանի, խաղաղության եւ համագործակցության դարաշրջանի օգտին։ Վերջապես, վերջերս մենք դրական պատասխան ստացանք Հայաստանից։ Կառավարությունն ընդունել է Ադրբեջանի առաջադրած հինգ հիմնական սկզբունքները, որոնք պետք է ընկնեն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի հիմքում»,- ասել է Ալիեւը։