Հնդկաստանում արտասովոր շոգ է
Հնդիկներին չես զարմացնի շոգով, հատկապես մայիս-հունիսին՝ անձրեւների սեզոնի սկսվելուց առաջ, բայց այս տարի տապի հզոր ալիքը երկրում սկսվել է արդեն մարտին, եւ հորիզոնում դեռեւս չի երեւում, թե երբ է շոգը նահանջելու, տեղեկացրել է BBC-ին։
Մարտին օրական միջին առավելագույն ջերմաստիճանը ռեկորդային էր 122 տարիների ընթացքում։ Հնդկաստանի պետական օդերեւութաբանական վարչության (ՀՕՎ) կանխատեսմամբ՝ այս շաբաթ ջերմաստիճանի առավելագույն ցուցանիշները հյուսիսարեւմտյան եւ կենտրոնական Հնդկաստանի մեծ մասում կբարձրանան եւս 2-4 աստիճանով, բայց դրանից հետո օդերեւութաբանները զով եղանակ չեն սպասում։
Դելիում այս շաբաթ ջերմաստիճանը, ինչպես սպասվում է, կհասնի Ցելսիուսի +44-ի։
Գիտության եւ շրջակա միջավայրի վերլուծաբանական կենտրոնի դիտարկումներով՝ Հնդկաստանի 28 նահանգներից 15-ում, ներառյալ հյուսիսային լեռնային Հիմաչալ Փրադեշը, որտեղ հնդիկները գնում են հանգստանալու նախամուսոնային շոգից, այս տարի արտասովոր տապ է։
ՀՕՎ-ի ավագ գիտաշխատող Նարեշ Կումարը ներկա շոգի պատճառ է համարում լոկալ մեկանգամյա երեւույթները՝ Միջերկրածովյան փոթորիկները, որոնք խանգարել են մինչմուսոնային անձրեւներին հյուսիսարեւմտյան եւ կենտրոնական Հնդկաստանում, ինչպես նաեւ անտիցիկլոնները։
Մերձարեւադարձային օդերեւութաբանության հնդկական ինստիտուտի գիտնական Ռոքսի Մեթյու Քոլի կարծիքով՝ շոգի այս ալիքը պայմանավոված է մի քանի տեղային երեւույթներով, բայց նա չի բացառում նաեւ գլոբալ ջերմացման պատճառը։
Հետեւանքներն ակնհայտ են։ Ֆերմերներն ասում են, որ անսպասելիորեն բարձրացած ջերմաստիճանը կվնասի ցորենի բերքատվությանը, իսկ դա, գումարվելով աշխարհում ցորենի ամենախոշոր արտադրողների՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմին, կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ողջ աշխարհի համար։
Շոգի պատճառով ավելացել է էլեկտրաէներգիայի սպառումը (մարդիկ չեն անջատում օդորակիչները), եւ դա հանգեցրել է հոսանքի անջատումների շատ նահանգներում։ Բացի այդ, ածխով աշխատող էլեկտրակայանները զգուշանում են, որ շուտով վառելիքի պակաս կունենան։
Հնդիկները սովոր են շոգին, բայց այժմ դրա ալիքներն ավելի հաճախակի, հզոր ու երկարատեւ են դարձել։
Մինչդեռ, ուժեղ շոգերը, հիշեցնում են գիտնականները, հատկապես բարձր խոնավության հետ միասին, կվնասեն անգամ շոգին սովոր մարդկանց առողջությանը, եւ դրանից ամենից շատ կտուժեն աղքատ խավերը։