Բրիտանական Վիրջինյան կղզիների վարչապետին կալանավորել են ԱՄՆ-ում թմրանյութերի առեւտրի մեղադրանքով
Բրիտանական Վիրջինյան կղզիների վարչապետ Էնդրյու Ֆեհին կալանավորվել է ԱՄՆ-ում։ Նրան մեղադրում են թմրանյութերի մաքսանենգության եւ դրամական միջոցների լվացման մեջ։ Այս մասին տեղեկացվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասի տարածած հայտարարությունում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ցերեկը Բրիտանական Վիրջինյան կղզիների վարչապետ Էնդրյու Ֆեհին կալանավորվել է Միացյալ Նահանգներում՝ թմրանյութերի մաքսանենգության եւ դրամական միջոցների լվացման հետ կապված մեղադրանքներով։ Ես ցնցված եմ կատարված ենթադրությունների լրջությունից»,- ասել է գերատեսչության ղեկավարը։ Թրասն ավելացրել է, որ առաջիկա ժամերին տեղի կունենա Միացյալ Թագավորության այդ տարածքի կառավարության անդամների արտահերթ հանդիպումը։
Համաձայն Բրիտանական Վիրջինյան կղզիների նահանգապետ Ջոն Ռանկինի հայտարարության՝ 51-ամյա Ֆեհին կալանավորվել է Մայամիում (Ֆլորիդայի նահանգ)՝ թմրանյութերի դեմ պայքարի ամերիկյան վարչության աշխատակիցների գործողության շրջանակում։
Ֆեհին վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից՝ համընդհանուր ընտրություններում նրա ղեկավարած Վիրջինյան կղզիների կուսակցության հաղթանակից հետո։ Լոնդոնը 1967թ. սահմանափակ ինքնակառավարում էր տրամադրել այդ կախյալ միավորին, որը գտնվում է Կարիբյան ծովի հյուսիս-արեւելքում։ Բրիտանական Վիրջինյան կղզիների ղեկավարը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն է, որին 2021թ. հունվարից այնտեղ ներկայացնում է 65-ամյա Ռանկինը։ Հենց նահանգապետն է, վարչապետի երաշխավորությամբ, նշանակում կառավարության անդամներին՝ նրանց ընտրելով Ժողովի պալատի (միապալատ խորհրդարան) պատգամավորներից։