Հայկ Խանումյանին Նիկոլ Փաշինյանն է պահում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի գլխավոր դատախազը երեկ ԱՀ խորհրդարանում հաստատել է մեր այն տեղեկությունները, որ ԱՀ տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն անձամբ առնչվում է խարդախության գործին։ Խոսքն ամիսներ առաջ տեղահանվածների հարցով հարուցված քրեական գործի մասին է: Ըստ մեղադրանքի՝ կեղծ տվյալներ ներկայացնելով՝ Արցախի մի հյուրանոց պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար։ Դրանք բնակարանից պատերազմի հետեւանքով տուժած անձանց համար նախատեսված փոխհատուցումներն են։
Մենք գրել էինք, որ խոսքը «Սոֆիա» հյուրանոցի մասին է, բայց խնդիրը ոչ թե հյուրանոցն է, այլ տեղահանվածների խնդրով զբաղվող ԱՀ տարածքային կառավարման նախարարությունը, քանի որ նա է իրականացնում վերահսկողությունը եւ որոշում շահառուների շրջանակը` ոչ մի հյուրանոց չի կարող տվյալներ կեղծել։ Դատախազը երեկ, ի պատասխան պատգամավորների հարցերին, ասել է, որ Խանումյանին այս տարվա ապրիլի սկզբին մեղադրանք է առաջադրվել։ Ուշագրավը, սակայն, այն է, որ Խանումյանը շարունակում է նախարարի պաշտոնում մնալ, նրա պաշտոնավարումը չի կասեցվել։ Դատախազն այս առիթով ասել է․ «Ինչ վերաբերում է հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցին, ապա այս դեպքում դատախազությունը նման հարց կարող է բարձրացնել միջնորդագրի տեսքով՝ առհասարակ նախարարությունում կամ տվյալ անձին մեղսագրվող արարքի հանգամանքները ներկայացնելու ձեւով:
Այդպիսի միջնորդագիր հանրապետության նախագահին ներկայացվել է դեռեւս մարտ ամսին, ընդ որում` ավելի մանրակրկիտ եւ ավելի մեծ սպեկտրի մեջ ներառելով, քան նախարարին մեղսագրվող արարքն է»։ Դատախազն ավելացրել է, որ կարծում է՝ առաջիկայում որոշում կընդունվի այդ առնչությամբ: Մինչդեռ Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ իրականում Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին թույլ չի տալիս կասեցնել Խանումյանի գործունեությունը, քանի որ վերջինս այդ պաշտոնում է նշանակվել սորոսականների պահանջով։
Ստացվում է՝ մի դեպքում կոնկրետ չարաշահումներ արած նախարարին պահում են, մյուս դեպքում դեռեւս չապացուցված մեղադրանքով խայտառակեցին ու ձերբակալեցին ազգային հերոսի կոչում ունեցող ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: