Ծովագյուղի ճակատագիրը՝ անհայտ. 4 ամիս է վարչական ղեկավար չունեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ծովագյուղի գյուղապետարանի գործունեությունը արդեն չորս ամիս է՝ պարալիզացված է: Նշենք, որ անորոշ կարգավիճակում է ոչ միայն Ծովագյուղը, այլեւ Սեմյոնովկա համայնքը: Այսինքն՝ ավելի քան 4 ամիս է, ինչ այս գյուղերը վարչական ղեկավարներ չունեն։
«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Սեւանին միացան տասը գյուղեր, այդ թվում` Ծովագյուղն ու Սեմյոնովկան: Նշենք, որ այս գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չէին մասնակցել դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, քանի որ դեմ են համայնքների միացմանը, խոշորացմանը: Ի նշան բողոքի՝ ծովագյուղցիները պարբերաբար փողոց են փակում:
Ծովագյուղի գյուղապետ Վահան Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ իրենց գյուղի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: Նա նշեց, որ ե՛ւ Սեմյոնովկայի, ե՛ւ Ծովագյուղի բնակիչները ցանկանում են միավորվել իրար, այլ ոչ թե Սեւան համայնքին: Թե ինչ հույսեր ունեն ծովագյուղցիները, հայտնի չէ, բայց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ իրավաբանորեն այդ երկու գյուղերը խոշորացվել են եւ ներառված են Սեւան համայնքի մեջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: