Բայդենը Կոնգրեսից 33 միլիարդ դոլարի օգնություն կխնդրի Ուկրաինայի համար. CNBC
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից մինչեւ այս տարվա սեպտեմբեր 33 միլիարդ դոլարի ֆինանսավորում կխնդրի Ուկրաինային մարդասիրական եւ ռազմական օգնության համար, հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։
33 միլիարդ դոլարը Ուկրաինային լրացուցիչ 20.4 միլիարդ դոլար անվտանգության եւ ռազմական օգնության խնդրանք է ներառում, ինչպես նաեւ՝ լրացուցիչ միջոցներ՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ համագործակցությամբ եվրոպական անվտանգության ամրապնդմանն ուղղված ԱՄՆ ջանքերի ֆինանսավորման համար:
Վարչակազմը հայտարարել է, որ միջոցները նախատեսված են Կիեւին եւ եվրոպացի գործընկերներին լրացուցիչ հրետանիով, զրահատեխնիկայով, հակատանկային եւ հակաօդային պաշտպանության միջոցներով զինելու, կիբերհնարավորությունների եւ առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերի զարգացումն արագացնելու եւ ականների եւ ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծմանը:
33 միլիարդ դոլարի մյուս մասը 8.5 միլիարդ դոլարն է՝ Ուկրաինայի տնտեսությանն աջակցելու համար։
Այդ գումարը կօգնի ֆինանսավորել Ուկրաինայի կառավարությանը, աջակցել ուկրաինացի ժողովրդին սննդի, էներգիայի եւ բժշկական ծառայությունների հարցում եւ հակազդել ռուսական ապատեղեկատվությանն ու քարոզչական նարատիվներին: 8.5 մլրդ դոլար նախատեսված է նաեւ աշնանային բերքահավաքի ժամանակ գյուղատնտեսական փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելու եւ բնական գազ գնելու համար։ Երեք միլիարդ դոլարը կօգնի ամբողջ աշխարհում ցորենի եւ այլ ապրանքների տեսքով մարդասիրական օգնություն տրամադրել կարիքավոր մարդկանց Ռուսաստանի ներխուժման հետեւանքով սննդամթերքի գների կտրուկ աճի պատճառով։
«Չնայած մենք ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները եւ ԵՄ գործընկերներն ավելի մեծ կոլեկտիվ ներդրումներ կանեն, քան Միացյալ Նահանգները, կասկած չկա, որ Ռուսաստանի ագրեսիայի դեմ այս պատերազմում Ուկրաինային շարունակական աջակցությունը զգալի լրացուցիչ ներդրումներ կպահանջի մեր կողմից»,- գրել է նա ԱՄՆ Կոնգրեսին ուղղված իր նամակում:
Ակնկալվում է, որ Կոնգրեսին ուղղված լրացուցիչ բյուջեի հարցումը լայն աջակցություն կստանա հանրապետականների եւ դեմոկրատների շրջանում, նույնիսկ եթե Ուկրաինային ուղղված ԱՄՆ ընդհանուր ծախսերը 9 ամսում գերազանցեն 36 միլիարդ դոլարը:
Փաթեթի մյուս հատվածն այն առաջարկների լայն շրջանակն է, որոնք Բայդենը կուղարկի Կոնգրես գործող օրենքները փոխելու համար՝ ռուս օլիգարխների, ընկերությունների եւ պետական պաշտոնյաների դեմ հարյուրավոր անհատական պատժամիջոցների կատարումը ֆիննախի եւ Պետդեպարտամենտի համար հեշտացնելու նպատակով:
Դաշնային օրենքի համաձայն՝ առգրավված ակտիվները վաճառելու համար դատախազները նախ պետք է ապացուցեն, որ դրանք հանցագործությունից ստացված եկամուտներ են: Ներկայումս պատժամիջոցների տակ հայտնված ռուս օլիգարխի կարգավիճակը հանցագործություն չէ։
Փաստաբանները նշում են, որ հանցակազմի բացակայության դեպքում օլիգարխները կարող էին իրենց ունեցվածքը վերադարձնելու պահանջ ներկայացնել եւ դատարանում հաղթելու լավ հնարավորություն կունենային։ Բայդենի առաջարկի համաձայն՝ Կոնգրեսը նոր դաշնային հանցագործություն կստեղծի՝ Ռուսաստանի կառավարության հետ կոռուպցիոն գործարքներից սատցված եկամուտների գիտակցական տիրացում: