Porsche-ը ներկայացրել է բացառիկ 911 Sport Classic-ը
Porsche-ը ներկայացրել է բացառիկ 911 Sport Classic սպորտային ավտոմեքենան՝ նվիրված անցյալի դասական մոդելներին, գրում է «Կոմերսանտը»։
Turbo տարբերակի թափքով կուպեն, որը զրկված է դռների հետեւում օդափոխիչներից, 1972 թվականի Porsche 911 Carrera RS-ի ոճի «բադի պոչ» ածխապլաստիկ սփոյլեր է ստացել, դասական ձեւի Fuchs անիվներ, իսկ թափքի գույնը Sport Grey Metallic է, որը հիշեցնում է Porsche 356-ը:
Սրահը պատված է շագանակագույն կաշվով՝ վանդակավոր գործվածքի համադրությամբ, իսկ դեկորատիվ վահանակները պատրաստված են բաց ծակոտկեն փայտից։ Գործիքների վահանակի գրաֆիկան ռետրո ոճով է արված:
Նոր 911 Sport Classic-ն աշխատում է 550 ձիաուժ հզորությամբ 3,7 լիտրանոց տուրբո շարժիչով՝ 7-աստիճան մեխանիկական փոխանցման տուփի համադրությամբ: Գետնից հեռավորությունը կրճատվել է 10 մմ-ով, նախատեսված են PASM կախոց՝ հարմարվողական կափույրներով եւ ածխածնային-կերամիկական արգելակներով: