Ֆինանսավորում չլինելու պատճառով Լիբանանը արտասահմանյան անձնագրեր չի տրամադրի
Լիբանանի իշխանությունները որոշում են ընդունել անորոշ ժամանակով դադարեցնել արտասահմանյան անձնագրերի տրամադրումը՝ ֆինանսավորում չլինելու պատճառով։ Այս մասին հինգշաբթի Թվիթերի իր պաշտոնական էջում տեղեկացրել է արաբական հանրապետության ԱԳՆ-ի ընդհանուր անվտանգության գլխավոր վարչությունը։
«Մենք դադարեցնում ենք արտասահմանյան անձնագրերի նոր հայտերի ընդունումը եւ հանձնումը, քանի որ բավականաչափ միջոցներ չունենք նոր փաստաթղթերի տպագրումը վճարելու համար,- նշվել է գերատեսչության հայտարարությունում։- Արտասահմանյան անձնագրերի հանձնման աշխատանքը կվերսկսվի միայն այն ժամանակ, երբ իշխանությունները լուծեն գործընթացի ֆինանսավորման խնդիրը»։
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ Լիբանանի կառավարությունը փակել է նաեւ այն պլատֆորմը, որտեղ արաբական հանրապետության քաղաքացիները կարող էին արտասահմանյան անձնագիր ստանալու հայտ ձեւակերպել։
Նշվել է, որ 2020 թվականից Լիբանանում արտասահմանյան անձնագրերի պահանջարկն ավելացել է տասնյակ անգամներ, ինչը մեծացրել է անձնագրային կենտրոնների բեռնվածությունն ու հանգեցրել փաստաթղթերի դեֆիցիտի։
2019 թվականից Լիբանանը խոր տնտեսական ճգնաժամի մեջ է, որն ուղեկցվում է ազգային արժույթի արժեզրկմամբ, պարենի, վառելիքի եւ դեղամիջոցների անբավարարությամբ։ Շատ երկրներ զգուշանում են Բեյրութին օգնություն ցուցաբերել՝ բացասաբար գնահատելով ներքաղաքական իրավիճակը, որը երկրում ստեղծվել է տնտեսական ճգնաժամի համատեքստում։