Եվս մեկ բրիտանացի արքայազնի հորդորել են հրաժարվել իր տիտղոսից
Եվս մեկ բրիտանացի արքայազնի հորդորել են հրաժարվել իր տիտղոսից։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Յորքի քաղաքային խորհրդի անդամները կոչ են արել հրաժարվել արքայազն Էնդրյուին հերցոգի տիտղոսից՝ սեքսուալ ոտնձգությունների պատճառով, հաղորդում է The Guardian-ը։
Բացառությամբ երկու ձեռնպահի՝ժողովի բոլոր խորհրդականները քվեարկել են Էնդրյուին 1986 թվականին տրված արքայական տիտղոսից զրկելու օգտին: Դրա համար անհրաժեշտ կլինի նաև խորհրդարանի որոշումը:
«Քանի որ թագուհին զրկել է արքայազն Էնդրյուին իր զինվորական կոչումներից և թագավորական հովանավորությունից, մենք ճիշտ ենք համարում խզել բոլոր կապերը, որոնք նա դեռևս ունի մեր մեծ քաղաքի հետ»,- ասել է Լիբերալ-դեմոկրատների խորհրդի անդամ Դարիլ Սմոլլին, ով եղել է առաջարկի նախաձեռնողը: Նա հավելել է, որ եթե արքայազնը դա չանի, ապա կառավարությունն ու Բուքինգհեմյան պալատը պետք է միջամտեն՝ նրան տիտղոսից զրկելու համար։
Լեյբորիստական կուսակցության խորհրդական Էիսլինգ Մուսսոնն ասում է, որ խորհուրդը պարտք է Յորքի ժողովրդին, հատկապես նրանց, ովքեր ենթարկվել են սեռական բռնության, բռնության կամ մարդկանց թրաֆիքինգի: «Մեր առաջին պարտականությունը ոչ թե մեր հեղինակությունն է, այլ նրանց բարօրությունն ու պաշտպանությունը», – ասել է նա:
The Guardian-ը հայտնում է, որ Բուքինգհեմյան պալատը և Յորքի դուքսի խոսնակը հրաժարվել են մեկնաբանություններից:
2022 թվականի սկզբին արքայազն Էնդրյուն դատական պայքարի մեջ էր ամերիկուհի Վիրջինիա Ջիուֆրի հետ՝ սեռական ոտնձգությունների մեղադրանքների հետ կապված: Կինը պնդում էր, որ 2001 թվականին, երբ 17 տարեկան էր, իրեն երեք անգամ ստիպել են սեքսով զբաղվել արքայազնի հետ։ Ամերիկյան դատարանը մերժել է Ջուֆրիի քաղաքացիական հայցը և Էնդրյուին պարտավորեցրել է երդման տակ ցուցմունք տալ: Հարցաքննությունից խուսափելու համար արքայազնը համաձայնել է Ջուֆրին վճարել 12 մլն ֆունտ։
Էնդրյուն կտրականապես հերքել է նախկինում բռնաբարության մեղադրանքները: 2019-ին նա հարցազրույց է տվել BBC-ին և փորձել ապացուցել իր անմեղությունը, սակայն լիովին չի հաջողվել։ Հարցազրույցից հետո նա ստիպված է եղել թողնել թագավորական ընտանիքի անդամի կարգավիճակը: 2022 թվականի հունվարին Եղիսաբեթ II-ը Էնդրյուին զրկեց տիտղոսից և զինվորական կոչումներից։