ՌԴ ԱԳՆ-ն «հիմարություն» է անվանել ԱՄՆ Կոնգրեսի՝ ռուսական ակտիվները բռնագրավելու գաղափարը
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ռուսական ակտիվները բռնագրավելու ԱՄՆ Կոնգրեսի նախաձեռնությունը, ասել է, որ Ռուսաստանը կպատասխանի բոլոր այդ թվում՝ «հիմար» միջոցներին»:
YouTube-ի Soloviev.Live ալիքով հեռարձակման ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել ԱՄՆ Կոնգրեսի օրինագիծը, որով առաջարկվում է ոչ միայն բռնագրավել, այլև Ռուսաստանի ունեցվածքը փոխանցել ուկրաինական կողմին։ Զախարովային նաև խնդրել են պատասխանել երկրին «ահաբեկչության հովանավոր» ճանաչելու վերաբերյալ առաջարկներին։
Մեկնաբանելով դա՝ Զախարովան հիշեցրել է, որ Բրիտանիան և Միացյալ Նահանգները «դարձել են ոչ բարեկամ՝ դրա բոլոր հետևանքներով»։
«Եվ բոլոր այն միջոցները, նույնիսկ նման հիմար բնույթի, որոնք նրանք կձեռնարկեն, պատասխան և շարունակություն կունենան: Ինչպես գիտեք, ոչինչ անպատասխան չենք թողնում, և նրանք պետք է դա հասկանան»,- ասել է Զախարովան։