Հայ-սիրիական բիզնես նախագծերը մոտ ապագայում կդառնան առավել առարկայական. Ծառուկյանին հրավիրել են Սիրիա (Տեսանյութ)
Հայ-սիրիական բիզնես կապերի ընդլայնում, նոր ծրագրեր ու գաղափարներ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հյուրերը Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն են։
ԲՀԿ առաջնորդն ընդգծել է հայ ու սիրիացի ժողովուրդների դարավոր ջերմ բարեկամական կապը, տարբեր ուղղություններով գործակցությունն ու Սիրիայում հայ համայնքի դերը հասարակական-քաղաքական կյանքում։
Գագիկ Ծառուկյանի բարեգործությունները Մերձավոր Արևելքում նոր չեն. Պատերազմի ճիրաններում հայտնված մեր հայրենակիցներին օժանդակություններն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ պարբերական ջերմ հանդիպումները տարիների պատմություն ունեն։
«Ես գնացել էի Լիբանան, հանդիպել եմ Արամ Առաջինի հետ, աջակցություն, օգնություն ենք ցուցաբերել Սիրայի մեր հայ ժողովրդին, մենք միշտ կապի մեջ ենք եղել Սիրիայի հետ», - նշել է ԲՀԿ առաջնորդը։
Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի խոսքով՝ անհրաժեշտություն կա հայ-սիրիական գործարար կապերն ընդլայնելու նոր ներդրումների համար, այդ պատճառով են ցանկացել հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ ու քննարկել առաջիկա անելիքները։
Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահն էլ շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին կատարած բարեգործությունների համար։
«Ձեզ հրավիրում ենք Սիրիա, կլինենք ձեզ դիմավորողների շարքում», - ասել է նա։
Այսպիսով՝ հայ-սիրիական բիզնես նախագծերը մոտ ապագայում կդառնան առավել առարկայական։