Մայիսի 13-ին տեղի կունենան ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը
Մայիսի 13-ին Դուշանբեում տեղի կունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մայիսի 13-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին, որը տեղի կունենա Դուշանբեում»,- հայտնել է դիվանագետը։
Զախարովան նշել է, որ կողմերը նախատեսում են քննարկել արդիական տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, ինչպես նաեւ համագործակցության զարգացումն ԱՊՀ շրջանակներում։ «Հանդիպման ընթացքում արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն արդիական տարածաշրջանային եւ միջազգային թեմաների շուրջ, կքննարկեն Համագործակցության ձեւաչափով բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարային ոլորտները եւ կամփոփեն 2021 թվականին ԱԳՆ-ների միջեւ համագործակցության արդյունքները»,- հավելել է նա:
«Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել միջազգային անվտանգության խնդիրներին, ինչպես նաեւ կապերի ամրապնդմանը մշակութային, հումանիտար եւ գիտական ոլորտներում»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։