Բաքվում հանդիպել են ԱՄՆ դեսպաններն Ադրբեջանում, Վրաստանում եւ Հայաստանում
Ադրբեջանում, Վրաստանում եւ Հայաստանում ԱՄՆ դեսպաններ Լիցենբերգերը, Դեգնանը եւ Թրեյսին, պետքարտուղարի օգնականի տեղակալ Օլսոնը, ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդական Էնդրյու Շոֆերը եւ Եվրոպայի եւ Եվրասիայի համար ԱՄՆ աջակցության համակարգողի պաշտոնակատար Գրեգ Նաարդենը մասնակցել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային առաքելությունների ղեկավարների հանդիպմանը:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը՝ Երեւանը, Բաքուն եւ Թբիլիսին ավելի վաղ եւս համանման միջոցառումներ էին անցկացրել:
«Տարածաշրջանից եւ Վաշինգտոնից գործընկերները հավաքվել էին կարծիքներ եւ տեղեկատվություն փոխանակելու համար: Նշելով Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի հետ ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ մենք ընդգծում ենք մեր գործընկերային հարաբերություններն ամրապնդելու եւ Հարավային Կովկասի ժողովուրդների համար ավելի ապահով, կայուն եւ բարգավաճ ապագա ապահովելու մեր հանձնառությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: