Հայիթիի մայրաքաղաքում ավազակախմբերի բախումների պատճառով զոհվել է 20 մարդ
Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի արվարձաններում առնվազն 20 մարդ է զոհվել հանցավոր խմբավորումների զինված բախումների պատճառով, տեղեկացրել է տեղի RFM ռադիոկայանը։
Նշվել է, որ զոհվածներից առնվազն երեքը երեխաներ են։ Բախումների շրջանից հեռացել են հարյուրավոր մարդիկ , ներկա պահին վիրավորների թվի մասին ստույգ տեղեկություններ չկան։ Ավազակախմբերի հարձակումները տեղի են ունենում այն շրջաններում, որոնցով անցնում է մայրաքաղաքը երկրի հյուսիսային մասի եւ Դոմինիկանայի հետ կապող ճանապարհը։
ՄԱԿ-ի գործակալությունները տեղեկացրել են Արեւմտյան կիսագնդի ամենաաղքատ երկրներից մեկում անվտանգային եւ հումանիտար իրավիճակի վատթարացման մասին այն բանից հետո, երբ 2021թ. հուլիսի 7-ին սպանվեց նախագահ Ժովենել Մոիզը, իսկ նույն թվականի օգոստոսին տեղի ունեցավ երկրաշարժ, ինչի հետեւանքով զոհվեց ավելի քան 2,2 հազար մարդ։