Աթենքում անցկացվել է միջազգային սիմպոզիում`նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի 107-ամյակին
Աթենքում Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպության (EPLO) միջոցառումների սրահում Հունաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հատուկ միջոցառում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին, որին ներկա են գտնվել Աթենքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, գիտնականներ, հայկական համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:
Միջոցառման գլխավոր բանախոսն է եղել Արա Սարաֆյանը` Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի հիմնադիր – տնօրենը` «Թուրքիան և Հայոց Ցեղասպանություն. Հանձնախումբ, համախմբում և ժխտում» խորագրով դասախոսությամբ:
Միջոցառմանը բացման ելույթով հանդես է եկել միջազգային իրավունքի հայտնի բրիտանացի մասնագետ Ջեֆրի Ռոբերտսոնը (Queen's Counsel)` իրավաբան, մարդու իրավունքների պաշտպան, Doughty Street Chambers-ի հիմնադիր և համանախագահ, գրող:
Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին Ռոբերտսոնը նշել է, որ այն կանխամտածված և նախորոք կազմակերպված հանցագործություն էր, որի նպատակն էր բնաջնջել, ոչնչացնել Օսմանյան Կայսրությունում ապրող հայերին` ազգային և կրոնական հիմունքներով: Ըստ Ռոբերտսոնի Հայերի Ցեղասպանություն դա մի այնպիսի զահրուրելի հանցագործությունը է, որը չի կարելի ոչ ներել, ոչ էլ մոռանալ: Խոսելով Ցեղասպանության մասին նա ընդգծել է, որ Ցեղասպանության ենթարկվեցին նաև հույները, բայց ի տարբերություն հայերի, հույներն այդ ժամանակ արդեն ունեին հայրենիք և շատերին հաջողվեց հասնել Հունաստան: Ռոբերտսոնը ընդգծել է, որ այն ժամանակաշրջանում գոյություն չուներ Միջազգային Դատարան` կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու համար, սակայն 1915 թվականի մայիսի 24-ին Բրւտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները դատապարտեցին Օսմանյան Կայսրության շրջաններում, քաղաքներում հայերի նկատմամբ իրագործածը` առաջին անգամ միջազգային իրավունքում կատարվածը որակելով որպես «մարդկության եւ քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն»:
Ռոբերտսոնը նմանություններ է անցկացրել Հայոց Ցեղասպանության և Հրեաների Շոայի միջև՝ արձանագրելով, որ այն ժամանակ Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր և խորհուրդ էր տալիս Թուրքիային թե ինչպես սպանել հայերին, իսկ ավելի ուշ` ոգեվորված լինելով Հայերի Ցեղասպանությունից, նմանատիպ հանցագործություն իրագործեց հրեաների նկատմամբ: Անդրադառնալով Ցեղասպանության ճանաչմանը՝ Ռոբերտսոնը նշել է, որ երեսունից ավել երկիր ճանաչել է Հայերի Ցեղասպանությունն, այդ թվում նաև ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, բայց այդ երկրների շարքում դեռ չկան Միացյալ Թագավորությունն ու Իսրայելը՝ ընդգծելով, որ երկու պետությունները չեն ճանաչել այն` ելնելով զուտ ինչ-ինչ շահերից։ Նա նաեւ անդրադարձել է ցեղասպանություն եզրույթի` Ռաֆայել Լեմկինի կողմից շրջանառության մեջ մտցնելու պատմությանը։
Միջոցառման համակարգող` Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան Լեոնիդաս Խրիսանթոպուլոսն ընթերցել է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչանի խոսքը` միջոցառման մասնակիցներին: Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հունաստանում Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ եւ հիմնական քաղաքական միջոցառումներից հետո դեսպանությունը նպատակահարմար գտավ կազմակերպել նաեւ գիտակրթական եւ մշակութային բնույթի միջոցառումներ։ Դեսպանն ընդգծել է. «Ցեղասպանության վերաբերյալ կրթվածության բարձրացումը ցեղասպանության կանխարգելման մեր համընդհանուր պայքարի կարեւոր բաղկացուցիչներից մեկն է։ Անշուշտ, հեռու ենք կանխարգելման նպատակին հասնելուց։ Հայաստանը շարունակում է առերեսվել մի կողմից Թուրքիային, որը շարունակում է ագրեսիվորեն ժխտել Ցեղասպանությունը եւ, ինչպես երկու օր առաջ ականատեսը եղանք, բարձր մակարդակով սադրիչ ծաղրանքի ենթարկեց Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին, որը դատապարտելի է եւ բացարձակապես անընդունելի։ Մյուս կողմից, Հայաստանի մեկ այլ հարեւանը` Թուրքիայի կողմից աներկբա աջակցություն վայելող Ադրբեջանը, ամենօրյա կտրվածքով եւ բոլոր մակարդակներով չի թաքցնում իր ցեղասպան նկրտումները։ Դրա վառ ապացույցն է նրա վերաբերմունքը Արցախի նկատմամբ եւ այն գոյութենական սպառնալիքը, որը կախված է արցախահայության գլխին։ Այնպես որ ցեղասպանությունից մեկ դար անց էլ դեռեւս ականատեսն ենք լինում մեր տարածաշրջանում էթնիկ զտումների եւ զանգվածային սպանդի նոր փորփշձերի ու սպառնալիքների»:
Այնուհետեւ ցուցադրվել է ՛՛Blue Book: Evidence of Armenian Genocide” վավերագրական կարճամետրաժ ֆիլմը, որը 2015 թ բրիտանական Բալիստա Մեդիա ընկերությունը նկարահանել էր Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի համատեքստում։ Ֆիլմում բրիտանացի հայտնի պատմաբան-լրագրող Դեն Սնոուն հարցազրույցների, արխիվային նյութերի հիման վրա ներկայացնում է բրիտանական Կապույտ գրքի ստեղծման պատմությունը։
Վավերագրական ֆիլմին հաջորդել է միջոցառման գլխավոր բանախոս պարոն Արա Սարաֆյանի դասախոսությունը: Իր դասախոսության մեջ Սարաֆյանը վերլուծել և մանրակրկիտ կերպով ներկայացրել է Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության պատճառները, կազմակերպումը և մեթոդաբանությունը: Անդրադառնալով Ցեղասպանությանը կազմակերպանը՝ Սարաֆյանը արձանագրել է, որ թուրքական արխիվային փաստաթղթերը ցույց են տալիս, որ Թալեաթ Փաշան նախորոք և մանրամասն կազմակերպել է հայերի Ցեղասպանությունը կայսրության տարբեր շրջաններում, քաղաքներում` իր մոտ ունենալով այդ շրջաններում և քաղաքներում բնակվող հայերի ամբողջական պատկերը: Գործընթացը եղել է չափազանց լավ կազմակերպված և կանխամտածված: Ավելին, դեռ Ցեղասպանությունից առաջ Օսմանյան կայսրությունում Ամերիկայի հյուպատոսական ծառայությունների փաստաթղթերը խոսում էին, որ իշխանությունները պատրաստում են հայերի բնաջնջումը` ստանալով այդ տեղեկությունները Կայսրության տարածքում գործունեություն ծավալող տարբեր միսիոներական կազմակերպություններից, ընդգծելով, որ արդեն մինչ Ցեղասպանությունը կար տեղեկություն գալիք արհավիրքի մասին:
Խոսելով ժամանակակից Թուրքիայի մասին՝ պարոն Սարաֆյանն ընգդծել է, որ Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիան ինչ-որ ձեւով սկսեց առերեսվել Հայոց ցեղասպանության հետ՝ դա օգտագործելով որպես այլընտրանքային քաղաքականություն: