Բայդենը մայիսին կայցելի Հարավային Կորեա և Ճապոնիա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 20-24-ին կայցելի Հարավային Կորեա եւ Ճապոնիա։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Նախագահը մայիսի 20-24-ին կայցելի Կորեայի Հանրապետություն եւ Ճապոնիա, որպեսզի էլ ավելի խորացնի կապերը մեր կառավարությունների, տնտեսությունների եւ մարդկանց միջեւ։ Այդ ուղեւորությունը կնպաստի Հնդկական ու Խաղաղ օվկիանոսների տարածաշրջանների ազատությանը եւ թափանցիկությանը, ինչպես նաեւ Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի հետ ԱՄՆ-ի պայմանագրերին վարչակազմի անսասան հավատարմությանը»,- նշվել է Փսակիի գրավոր հայտարարությունում։ Այցի շրջանակում Բայդենը կհանդիպի նշված երկրների ղեկավարների հետ։ «[Նրանք] կքննարկեն մեր կենսականորեն կարեւոր հարաբերությունների խորացման հնարավորությունները անվտանգության, տնտեսական կապերի ամրապնդման եւ մեր սերտ համագործակցության ընդլայնման ոլորտներում՝ գործնական արդյունքների հասնելու համար»,- նշվել է հաղորդագրություում։
Բացի այդ, ինչպես նշել է Փսակին, Տոկիոյում նախատեսվում է անվտանգության գծով Քառակողմ երկխոսության (Quadrilateral Security Dialogue, Quad) պետությունների ղեկավարների հանդիպում։ Այդ պետություններն են Ճապոնիան, Ավստրալիան, Հնդկաստանը եւ ԱՄՆ-ը։
Ինչպես տեղեկացրել է Yonhap գործակալությունը, Բայդենը մայիսի 20-22-ին պաշտոնական այցով կժամանի Կորեայի Հանրապետություն, գագաթաժողովը նախատեսված է մայիսի 21-ին։