Հարավային Կորեան բնական գազի իր պահուստների մի մասը կուղարկի Եվրոպա
Կորեայի Հանրապետության կառավարությունը որոշել է իր երկրի համար նախատեսված հեղուկացված բնական գազի մի մասն ուղարկել Եվրոպայի երկրներ, քանի որ Ուկրաինայում իրավիճակի պատճառով այնտեղ այդ էներգակրի պակաս կա, տեղեկացրել է KBS հեռուստաալիքը։
Առեւտրի, արդյունաբերության եւ էներգետիկայի նախարարությունը չորեքշաբթի որոշել է, որ Հարավային Կորեայի իշխանությունները կարող են իրենց թույլ տալ Եվրոպային նման ծառայություն մատուցել, քանի որ ձմեռն արդեն անցել է։ Գերատեսչությունը նշել է, որ մատակարարումների ծավալներն այնպիսին կլինեն, որ չեն ազդի ներքին պահանջարկի եւ գազի գների վրա։ Բայց Սեուլում չեն ճշտել, թե երբ եւ ինչ քանակությամբ են պատրաստվում մատակարարել էներգառեսուրսները։
Ինչպես տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրին, Հարավային Կորեային, ըստ երեւույթին, նման օժանդակության համար խնդրել են կամ Եվրոպայում, կամ ԱՄՆ-ում։ Փետրվարին Վաշինգտոնի նման խնդրանքին Սեուլը բացասական պատասխան էր տվել։