Այդ կնոջը վրաերթի են ենթարկել քաղաքական հայացքների՞ համար. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինը 1993 թ. ծնված Սոնա Մնացականյանն էր՝ Արարատի մարզի Բերքանուշ գյուղից։ Սոնա Մնացականյանը Support Our Heroes - Armenia կազմակերպության հիմնադիր անդամ կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թեւեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր, բայց պատահարից անմիջապես հետո երիտասարդ կնոջ անունը կապեցին ցուցարարների հետ, թե նա ցույցի մասնակիցներից էր, փողոցն էլ անթույլատրելի տեղից է անցել։ Սակայն հետո պարզ դարձավ, որ կինը ցույցի մասնակից չի եղել եւ փողոցն էլ հետիոտնի համար թույլատրելի տեղից է անցնելիս եղել:
Եվ եթե վարչապետի ավտոշարասյունն ավելի ցածր արագությամբ անցնելիս լիներ, կամ` վրաերթից անմիջապես հետո կանգնեին եւ օգնություն ցույց տային հղի կնոջը, գուցե հնարավոր լիներ փրկել նրա կյանքը` ժամանակին հիվանդանոց հասցնելով: Եթե նման դեպք տեղի ունենար տարիներ առաջ, մեր քաղաքացիական հասարակությունը պիկետներ, ցույցեր ու հայտարարություններ կաներ՝ պահանջելով պատժել մեղավորին, իսկ հիմա լուռ է։
Քաղհասարակության ակունքներում կանգնած, ՔՊ-ական նախկին պատգամավոր, այժմ Հեռուստատեսության եւ ռադիոյի անդամ Արթուր Մանուկյանին մենք մի քանի հարց ուղղեցինք այս ողբերգական դեպքի առիթով։
- Երեկ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի է ենթարկվել ու տեղում մահացել 29-ամյա հղի կին, որի մահը միանգամից սկսեցին շահարկել տարբեր իշխանական ֆեյքեր, թե ցուցարար էր, փողոց էր փակել եւ այլն, եւ այլն։ Ինչպե՞ս եք այս իրավիճակը գնահատում։
- Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային դեպք, սա քրեական հարց է, եւ Քրեական օրենսգրքում այդ հարցի պատասխանն ամբողջությամբ տրված է։ Ցանկացած ճանապարհային դեպք՝ մահվան ելքով կամ ոչ, քրեական գործ է։ Ո՞նց պետք է վերաբերվեմ, երբ հղի կին է զոհվել՝ ահավոր վատ․․․ եւ այս դեպքը կապ չունի քաղաքականության հետ, հարցը մի քաղաքականացրեք․․․
- Այնքանով կապ ունի, որ դա Փաշինյանի ավտոշարասյունն է եղել, եւ ոչ մի մեքենա չի կանգնել ու օգնություն ցույց չի տվել, հետո էլ մահացած կնոջ անձը որպես փողոց փակած ցուցարար ներկայացրին, ով, իբրեւ թե, օրենք է խախտել․․․
- Շատ վատ է, որ քաղաքականացնում են այս հարցը, հիմա Դուք ինձ քաղաքական ենթատեքստով հարց եք տալիս, ու ես ինձ վատ եմ զգում․․․, սա քրեական հարց է, եղել է ճանապարհատրանսպորտային ողբերգություն, եւ ամենախիստ ձեւով Քրեական օրենսգիրքը պետք է աշխատի, սա քաղաքական հարց չէ, բայց Դուք տալիս եք Նիկոլ Փաշինյանի անունը․․․ այդ կնոջը վրաերթի են ենթարկել իր քաղաքական հայացքների՞ համար, չէ՝ չէ՞, բա ինչո՞ւ եք քաղաքական գործչի անուն տալիս․․․
- Որովհետեւ այդ քաղաքական գործչին ուղեկցող ավտոշարասյունն է վրաերթի ենթարկել եւ անօգնական թողել-հեռացել, ու եթե ղեկին Փաշինյանը չի եղել, դա դեռ չի ազատում նրան պատասխանատվությունից․․․
- Եթե այլ պարագաներում Քրեական օրենսգիրքն աշխատում էր խիստ, այս պարագայում պետք է աշխատի ծայրահեղ խիստ, եթե ոչ ավել։
- Դուք հույս ունեք, որ օրենքը կպատժի՞ Փաշինյանի ավտոշարասյան այդ ոստիկանին։
- Ես ոչ թե հույս ունեմ, այլ եթե չլինի, ինքս կպահանջեմ, որ ցանկացած հանցագործ պատժվի ամենախիստ ձեւով․․․ երբ ես պատգամավոր չեմ եղել, արել եմ շատ մանր-մունր ճանապարհային խախտումներ, բայց իմ պատգամավոր լինելու ժամանակ ոչ մի խախտում չեմ արել․․․․
- Ես հիշում եմ՝ 10 տարի առաջ, երբ Դուք պատգամավոր չէիք, ու սպանեցին Վահե Ավետյանին, Դուք քաղաքացիական հասարակության հետ «Հարսնաքարի» մոտ, անձրեւի տակ կանգնած՝ պահանջում էիք արդարադատություն եւ պատիժ Ռուբեն Հայրապետյանին։ Հիմա է՞լ նույն ձեւ կպահանջեք պատժել մեղավորին։
- Այն ժամանակ ես գիտեի, որ մեղավորները չեն պատժվելու, որովհետեւ կար անպատժելիության ահռելի մեծ մթնոլորտ եւ իրավիճակ։ Եվ ես պահանջել եմ, որ օրենքը գործի բոլորի հանդեպ հավասար եւ ծայրահեղ կերպով խիստ՝ իշխանավորների նկատմամբ։ Նույն տեքստը հիմա ես կրկնում եմ․․․
- Այսինքն, նույն ձեւով պահանջում եք պատժել մեղավորին, եթե անգամ դա Նիկոլ Փաշինյա՞նն է։
- ․․․Ով ուզում է լինի, եթե անգամ դա լինեմ ես, իմ մտերիմ հարազատը, ով ուզում է լինի, անկախ իմ վերաբերմունքից, օրենքը պետք է գործի եւ պետք է լինի կույր բոլորի առաջ, չպիտի նայի՝ իշխանավոր է, թե իշխանավոր չէ․․․ Պետք է հետաքննություն արվի, պարզվեն բոլոր հանգամանքները, եւ օրենքը կիրառվի իր խստագույն դրույթով, որովհետեւ դեպքը տեղի է ունեցել հասարակական տեսանկյունից շատ զգայուն պարագայում՝ վարչապետի շարասյունն է եւ այլն․․․ սա զգայուն թեմա է, եւ օրենքը պետք է խստանա ստեղ, մեղմացուցիչ հանգամանքներն էդքան էլ չպետք է մեղմանան, եթե դրանք կան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: