Deutsche Bank-ը խորը ռեցեսիա է կանխատեսել
Deutsche Bank-ը խորը ռեցեսիա է կանխատեսել. «Մենք մեծ ռեցեսիայի կբախվենք»,- գրում են Deutsche Bank-ի տնտեսագետները հաճախորդների համար հաշվետվության մեջ, հայտնում է CNN-ը:
Խնդիրը, ըստ բանկի, այն է, որ թեեւ գնաճը կարող է իր գագաթնակետին հասնել, «երկար ժամանակ» կպահանջվի, որպեսզի այն վերադառնա ԴՊՀ-ի 2 տոկոս թիրախին: Սա վկայում է այն մասին, որ Կենտրոնական բանկը այնքան ագրեսիվ կբարձրացնի տոկոսադրույքները, որ կվնասի տնտեսությանը:
«Մենք շատ հավանական ենք համարում, որ ԴՊՀ-ն ստիպված կլինի ավելի ուժեղ արգելակել, եւ խորը խորը ռեցեսիա կպահանջվի գնաճը զսպելու համար», - գրում են Deutsche Bank-ի տնտեսագետները «Ինչո՞ւ գալիք անկումը սպասվածից ավելի վատը կլինի» չարագուշակ վերնագրով հոդվածում:
Կորի հետեւում
Սպառողական գները մարտին աճել են 8.5 տոկոսով, ինչն ամենաարագ տեմպն է վերջին 40 տարվա ընթացքում։ Moody's Analytics-ը կանխատեսում է, որ գործազրկության մակարդակը շուտով կհասնի ամենացածր մակարդակին 1950-ականների սկզբից ի վեր:
Դա ապացուցելու համար Deutsche Bank-ն ինդեքս է ստեղծել, որը հետեւում է գնաճի եւ գործազրկության տարբերությանը վերջին 60 տարվա ընթացքում եւ ԴՊՀ-ի կողմից նշված թիրախներն այդ ցուցնիշների համար: Հետազոտությունը, ըստ բանկի, ցույց է տալիս, որ ԴՊՀ-ն այսօր «շատ ավելի հեռու է կորից», քան եղել է 1980-ականների սկզբից ի վեր, երբ չափազանց բարձր գնաճը ստիպեց Կենտրոնական բանկին բարձրացնել տոկոսադրույքները մինչեւ ռեկորդային բարձր ցուցանիշներ՝ կործանելով տնտեսությունը:
Պատմությունը ցույց է տալիս, որ ԴՊՀ-ը «երբեք չի կարողացել շտկել» գնաճի եւ զբաղվածության նույնիսկ փոքր աճերը՝ «առանց տնտեսությունը դեպի ծանր ռեցեսիայի մղելու,- նշում է Deutsche Bank-ը:- Այս աշխատանքի կատարման համար ավելի ուժեղ բան կպահանջվի, քան թույլ ռեցեսիան»:
Լավ նորությունն այն է, որ Deutsche Bank-ը տնտեսության վերականգնում է կանխատեսում մինչեւ 2024 թվականի կեսերը, քանի որ ԴՊՀ-ն փոխում է ուղղությունը գնաճի դեմ իր պայքարում: