«Ձեզ ասֆալտին չենք փռելու, փռելու ենք ասֆալտի տակ». Խաչիկ Մանուկյան
ՏեսանյութերՆորություն չէ դատախազության համար, որ Հայաստանում ապրում են մեղավորներ, հանցագործներ, ոճրագործներ, որոնց մեղքի արդյունքում է նաեւ տեղի ունեցել այսքան քաջերի կորուստը պատերազմում: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, դատախազության դիմաց զոհված զինծառայողների հարազատների ակցիայի ժամանակ նշեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ում որդին նույնպես զոհվել է 44-օրյա պատերազմում:
«Նրանք իհարկե, պատերազմից հետո անմիջապես հայտարարեցին, որ եղել է դավաճանություն, մեր միակ պահանջն է՝ հայտնաբերել այդ դավաճաններին: Եթե հիշում եք, վարչապետը հայտարարեց՝ եթե ես եմ գլխավոր մեղավորը, այսինքն ինքն ընդունում է, բայց չի ընդունում, որ գլխավոր մեղավորն է: Ասում է՝ ինձ գլխավոր պատժին մի արժանացրեք, դե ուրեմն թող դատախազությունը թող հերթականությամբ որոշի ու արդար դատաստան լինի: Բայց ումի՞ց ենք պահանջում, նրա, որ երեկ մահվան կորտեժը անցնելով հղի կնոջը սպանեց փողոցում ու անօգնական թողեց: Չփորձեց անգամ փրկել այն կնոջը, որ զավակ պետք է ծներ: Եվ դրանցից եկել ենք պահանջում ենք արդարությո»ւն: Դա ծիծաղելի է: Փաշինյանն ասում էր ապագա կա եւ այդ ապագան մահն է, ոչինչն է, դուք չեք լինելու, մենք հասնելու ենք արդար դատավարությանը»,-ասաց նա:
Խաչիկ Մանուկյանը հիշեցրեց վարչապետի հայտարարությունը ասֆալտին փռելու վերաբերյալ եւ հավելեց. «Ձեզ ասֆալտին չենք փռելու, փռելու ենք ասֆալտի տակ»:
Հիշեցնենք, որ այսօր զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Դատախազության դիմաց։ Երեկ նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ներկայացրեցին պահանջը, որ զոհված տղաները համարվեն տուժող, իսկ նրանց հարազատները` տուժողների իրավահաջորդ։
Այսօր Գլխավոր Դատախազությունից հայտնել են, որ 2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է: