Թուրքիան ռադարներ է տեղադրել Բոսֆորում դրեյֆող ականների հայտնաբերման համար
Թուրքիան ռադարներ է տեղադրել Բոսֆորի նեղուցում դրեյֆող ականների հայտնաբերման համար, ծովային նավարկության խնդիրներ չկան, ասել է երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Ներկա պահին բարեհաջող ոչնչացվել է երեք ական։ Մեր ականորս նավերը, ուղղաթիռները, ծովային պարեկման ինքնաթիռները եւ սուզանավերի թիմերը (SAS) մարտական պատրաստվածության վիճակում են։ Այժմ մենք ուշադիր հետեւում ենք նավարկությանը Բոսֆորում։ Մենք ձեռնարկել ենք հավելյալ միջոցներ, որպեսզի վերահսկենք մուտքն ու ելքը եւ չբախվենք անսպասելի իրավիճակների, տեղադրել ենք ականների հայտնաբերման ռադարներ։ Ներկա պահին կարելի է համոզված ասել, որ Բոսֆորով նավարկության հետ կապված խնդիրներ չկան»,- Աքարի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։
Հարցին, թե արդյոք Թուրքիան ականների դեմ պայքարում աջակցության կարիք ունի, Աքարը պատասխանել է, որ Թուրքիայի ԶՈւ-ն այս իմաստով առաջատար շատ հնարավորություններ ունի։
«Մենք բավականաչափ տարրեր եւ սարքավորումներ ունենք ինչպես ականների հայտնաբերման, այնպես էլ ոչնչացման համար։ Մենք նաեւ տեղեկացրել ենք, որ կարող ենք, մեր սեփական պահանջմունքները բավարարելուց զատ, աջակցել մեր բարեկամներին ու դաշնակիցներին ականների դեմ պայքարում»,- ընդգծել է նա։