Ղազախստանում նախատեսում են չեղարկել Նազարբաեւի երաշխիքների եւ արտոնությունների մասին օրենքը
Ղազախստանում նախատեսվում է չեղարկել առաջին նախագահի՝ ելբասիի (ազգի առաջնորդի) մասին օրենքը, որը պետության նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւին օժտում էր մի շարք արտոնություններով եւ լիազորություններով, տեղեկացրել է խորհրդարանի մաժիլիսի (ստորին պալատի) խոսնակ Երլան Կոշանովը։
«Սահմանադրության փոփոխություններով ելբասիի կարգավիճակը բացառվում է։ Սահմանադրությունում պահպանվում է միայն Նազարբաեւի դերը որպես պետության հիմնադրի։ Այս նորմի ընդունումից հետո սահմանադրական օրենքն առաջին նախագահի մասին նույնպես ուժը կկորցնի»,- խորհրդարանի միջանցքներում լրագրողներին ասել է Կոշանովը։
Ղազախստանը մոտ 30 տարի գլխավորած Նազարբաեւը նախագահի լիազորությունները վայր է դրել 2019թ. մարտի 20-ին։ Բայց պահպանել է մի շարք լիազորություններ եւ արտոնություններ, որոնք ամրագրված են Ղազախստանի առաջին նախագահի՝ ելբասիի (ազգի առաջնորդի) մասին օրենքով։
Նա չի կարող, օրինակ, պատասխանատվության ենթարկվել այն գործողությունների համար, որոնք կատարել է նախագահի լիազորությունների կատարման շրջանում, իսկ դրանց դադարեցումից հետո՝ կապված առաջին նախագահի իր կարգավիճակի հետ։
Նազարբաեւը նաեւ չի կարող ենթարկվել կալանավորման, ձերբակալության եւ պահվել կալանքի տակ, ենթարկվել խուզարկության, հարցաքննության կամ անձի ստուգման։ Անձեռնմխելիությունը տարածվում է մասնավոր սեփականության իրավունքով Նազարբաեւին պատկանող եւ ընտանիքի հետ համատեղ ձեռք բերված ամբողջ գույքի վրա։ Բացի այդ, օրենքով կանոնակարգվում է նրա գործունեության ապահովումը, այդ թվում՝ կապով, թիկնապահներով, բնակարանով, տրանսպորտով, բժշկական եւ սանատոր-ամառանոցային բուժմամբ։