Տարածվել են Լեո-Պարոնյան խաչմերուկում 29-ամյա հղի կնոջ վրաերթի կադրերը
Համացանցում տարածվել են աշխատանքից կառավարական ամառանոց վերադարձող Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկի մասնակցությամբ վրաերթի կադրեր։
Ինչպես երևում է տեսանյութում, վրաերթի հետևանքով մահացած հղի կինը՝ Սոնա Մնացականյանը դեպքի պահին անցնում է հետիոտնային անցումով։
Հիշեցնենք, որ վրաերթը տեղի է ունեցել երեկ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում։ Վրաերթի հետևանքով մահացել է Արարատի մարզի 28-ամյա բնակչուհին։ Նա բալիկի էր սպասում։ Պտղի կյանքն էլ փրկել չի հաջողվել։
Քննչական կոմիտեն հայտնել է, ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին: Նա ձերբակալված է։
Երեկվանից դեպքի վայրում մարդիկ մոմեր ու խաղալիքներ են դնում։