Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է հայ գործընկերոջ հետ բանակցությունների «արդյունքների» մասին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցին հայտարարել է իր հայ գործընկերոջ հետ բանակցությունների «արդյունքների մասին»։
«Հակամարտության դադարեցումից հետո առաջնահերթ խնդիրներից մեկը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովումն է։ Այս կապակցությամբ ես հնարավորություն եմ ունեցել բանակցել իմ հայ գործընկերոջ հետ եւ կարող եմ ասել, որ արդեն որոշակի արդյունքներ ունենք։ Այժմ պայմաններ են ստեղծվել սահմանների սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները սկսելու համար»,- ասել է նախարար Բայրամովը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բայրամովը նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանը «հաջողությամբ ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային նախագծեր է իրականացնում իր տարածքում» եւ նախատեսում է մինչեւ 2023 թվականն ավարտել հաղորդակցությունների բացման իր հատվածի շինարարությունը. «Դա առաջին հերթին վերաբերում է Հարավային Կովկասի 3 երկրներին՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, հատկապես ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից։ Դրան աջակցում է նաեւ վրացական կողմը։ Այստեղ ադրբեջանա-վրացական համագործակցությունը կարող է որպես մոդե օգտագործվել, եթե Հարավային Կովկասը որպես մեր համատեղ տուն ենք դիտարկում։ Սա կարող է օրինակ ծառայել ցանկացած երկու հարեւան երկրների համար։ Հայաստանը, իհարկե, կարող է իր տեղը զբաղեցնել նաեւ միջազգային նախագծերում՝ հետեւելով միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին»։