Բրյուսովի անվան համալսարանի բակում երիտասարդները տեղադրեցին Արցախի դրոշը, ապա՝ կարմիր ծուխ բաց թողեցին
Ընդդիմադիր երիտասարդները այսօր առավոտից շարունակում են դրոշներով իրազեկման ակցիան երևանյան բուհերում։ Քիչ առաջ ակտիվիստները մտան Բրյուսովի անվան պետական համալսարան և «Ուսանո՛ղ զաթնի՛ր» կոչերով հորդորեցին ուսանողներին միանալ իրենց պայքարին։
Երիտասարդները հայտարարեցին, որ Արցախի դրոշը տեղադրում են համալսարանի բակում՝ ի նշան նրա, որ հայ երիտասարդը համաձայն չէ Արցախը Ադրբեջանին հանձնելու դիրքորոշմանը։ Համալսարանի բակում Արցախի դրոշը տեղադրելուց հետո նրանք կարմիր ծուխ բաց թողեցին։
Ավելի ուշ երիտասարդներից որոշները նստեցին Թումանյան փողոցի վրա` ճանապարհը փակելով։ Ոստիկանները, սակայն, սկսեցին բերման ենթարկել նրանց` փորձելով ճանապարհը բացել։
Նրանք տղաներին բերման ենթարկեցին, իսկ աղջիկներին հեռացնում են ճանապարհից։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ից սկսած ընդդիմադիր երիտասարդները երևանյան բուհերում «Ուսանո՛ղ, զարթնի՛ր» կոչով ակցիաներ են իրականացնում՝ կոչ անելով միանալ իրենց պայքարին։
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 27-ին, երեկոյան ժամը 18.30-ին, գարեգին Նժդեհի արձանի մոտից կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։ Նախօրեին իրազեկման ակցիան մեկնարկել էր Սասունցի Դավթի արձանի մոտից: