Լեհաստանը և Բուլղարիան հրաժարվել են ռուբլով վճարել ռուսական գազի դիմաց, «Գազպրոմը» դադարեցրել է մատակարարումը
Լեհաստանն առաջինն է եվրոպական երկրներից, որ տեղեկացրել է Ռուսաստանից գազի գնումը դադարեցնելու մասին, որովհետեւ հրաժարվում է ռուբլով վճարել դրա դիմաց։ Երեկ վերջին օրն էր, որ Վարշավան կարող էր վճարում կատարել, բայց երկիրը հայտարարել է, որ չի անի դա։ Այսօրվանից «Գազպրոմը» կդադարեցնի երկիր գազի մատակարարումը։ Ռուսական ընկերությունը Լեհաստանից հետո, նույն պատճառով, տեղեկացրել է Բուլղարիա մատակարարումների դադարեցման մասին։
Լեհական նավթագազային PGNiG պետական ընկերությունը երեքշաբթի երեկոյան տեղեկացրել էր, որ նամակ է ստացել «Գազպրոմից», որով նախազգուշացվում էր ապրիլի 27-ից գազի մատակարարումը դադարեցնելու մասին։ Պատճառն այն է, որ Լեհաստանը հրաժարվում է ռուսական գազի դիմաց վճարել նոր կարգին համապատասխան, այսինքն՝ ռուբլով։ PGNiG-ում կարծում են, որ Վլադիմիր Պուտինի այդ հրամանագիրը իրենց համար պարտադիր ուժ չունի, իսկ մատակարարումների դադարեցումը «պայմանագրի խախտում է», որովհետեւ ընկերությունը ժամկետանց պարտքեր չունի «Գազպրոմին» եւ ժամանակին կատարել է բոլոր վճարային պարտավորությունները։
«Գազպրոմը» հաստատել է, որ այսօր սպառվում է ժամկետը, եւ Լեհաստանը պետք է գազի դիմաց վճարի արդեն ռուբլով։ Լեհական Onet պորտալը եւ «Ինտերֆաքս» գործակալությունը տեղեկացրել են, որ «Գազպրոմը» արդեն այսօր դադարեցրել է գազի մատակարարումը Լեհաստան, բայց ընկերությունը հերքում է այս տեղեկությունը։ Onet-ի տվյալներով՝ Լեհաստանի կառավարությունում գումարվել է ճգնաժամային շտաբի հավաք՝ քննարկելու գազի հետ կապված իրավիճակը։
Ավելի ուշ արտասահմանյան տեղեկատվական գործակալությունները, հղում կատարելով Բուլղարիայի էներգետիկայի նախարարությանը, տեղեկացրել էին, որ նման նախազգուշացում՝ ապրիլի 27-ից գազի մատակարարման դադարեցման մասին, ստացել է նաեւ բուլղարական Bulgargaz գազաբաշխիչ ընկերությունը։ Պատճառը նույնն է՝ Բուլղարիան հրաժարվել է գազի դիմաց վճարել ռուբլով։
PGNiG-ում նշել են, որ վերահսկում են իրավիճակը եւ պատրաստվում են տարբեր սցենարների։ Ընկերությունը պատրաստվում է գազ ստանալ տարբեր ուղղություններից։ Իսկ առայժմ սպառողներին կապահովի ի հաշիվ հայրենական գազի եւ 80 տոկոսով լցված պահեստարանների պաշարների։
Լեհաստանը պատրաստ է այն բանին, որպեսզի լիովին հրաժարվի ռուսական գազից, այսօր հայտարարել է Լեհաստանի կառավարության ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքի լիազոր Պետր Նաիմսկին։ «Այս նպատակին հասնելու համար վեց տարի վարվող աշխատանքներն ընթացիկ տարում կավարտվեն ըստ ժամանակացույցի եւ առանց ուշացման»,- ասել է նա։ Նաիմսկու խոսքով՝ հոկտեմբերին շահագործման մեջ կմտնի Լեհաստանը Նորվեգիային կապող գազատարը։ Այն հաշվարկված է տարեկան 10 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման համար։