Եվրախորհրդարանի պատգամավորը Բելգիայի իշխանություններին հայկական խաչքարի պղծումը հետաքննելու կոչ է արել
Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի գծով զեկուցող Անդրեյ Կովաչովը բելգիական իշխանություններին կոչ է արել հետաքննել Բրյուսելում խաչքարի պղծման փաստը։
«Ես ցնցված եմ ատելության ու բռնության այս ահավոր դրսեւորումից։ Մենք պետք է միասին դիմակայենք նման սարսափելի միջադեպերին։ Ես կոչ եմ անում բելգիական իշխանություններին մանրակրկիտ հետաքննել ատելության հողի վրա կատարված այս հանցագործությունը»,- գրել է նա։
Ավելի վաղ Բելգիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացրել էր Բրյուսելում, Անրի Միշոյի հրապարակում, ի հիշատակ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի տեղադրված խաչքարի հանդեպ կատարված վանդալիզմի ակտի մասին։ «Խաչքարի վրա կարմիր ներկով թուրքական Ազգայնական շարժում կուսակցության խորհրդանշանն է պատկերվել, այդ շարժման հովանու ներքո է ստեղծվել «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպությունը։ Խաչքարի վրա նաեւ վիրավորական արտահայտություններ են գրել»,- նշվել է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրությունում։
Դեսպանությունում ընդգծել են, որ նման գործողությունները, որոնք հայատյացության եւ անհանդուրժողականության վառ դրսեւորումներ են, անհամատեղելի են համամարդկային արժեքների հետ։