Թաիլանդում մեղմացրել են մուտքի կանոնները զբոսաշրջիկների համար
Թաիլանդի իշխանությունները մայիսի 1-ից մեղմացրել են ռուս ճանապարհորդների մուտքի կանոնները։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի կայքում։
Նորամուծությունների համաձայն՝ չպատվաստված զբոսաշրջիկները, ովքեր ՊՇՌ թեստ են հանձնել ուղեւորությունից 72 ժամ առաջ, ազատվում են կարանտինից։ Եթե հանգստացողները հետազոտություն չեն անցել, ապա, ինչպես եւ նախկինում, ժամանելուն պես նրանցից հյուրանոցում հինգօրյա մեկուսացում կպահանջվի:
Նաեւ, ըստ Պուկետում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության պարզաբանման, ռուսաստանցիները, ովքեր պատվաստվել են Sputnik V-ի երկու դեղաչափերով ուղեւորությունից ոչ ուշ, քան 14 օր առաջ, այժմ COVID-19-ի դեմ լիովին պատվաստված են համարվում:
Ընդ որում, Sputnik Light-ով պատվաստված քաղաքացիները լիովին պատվաստված չեն համարվում եւ պետք է երկիր մուտք գործելուց 72 ժամ առաջ ՊՇՌ թեստ անցնեն եւ մուտքագրեն այն Thailand Pass համակարգ։ COVID-19 տարած հանգստացողները, որոնք պատվաստվել են Sputnik V-ի առնվազն մեկ դեղաչափով, լիովին պատվաստված են համարվում տարած հիվանդության մասին բժշկական վկայականի առկայության դեպքում։
Ինչ վերաբերում է 12-ից 17 տարեկան երեխաների համար Թաիլանդ մուտք գործելու կանոններին, ապա նրանց թագավորությունում հանգստանալու մեկնելուց ոչ ուշ, քան 14 օր առաջ եւս դեղամիջոցի առնվազն մեկ դեղաչափով պատվաստման վկայական է անհրաժեշտ: