Մեքսիկայի նախագահը հուսով է, որ Իլոն Մասկը «կմաքրի» Twitter-ը
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հուսով է, որ սոցիալական ցանցը գնելուց հետո Իլոն Մասկը «կմաքրի» Twitter-ը, եւ կոչ է արել նրան ազատվել «մանիպուլյացիաներից» ու գրաքննության բացակայություն ապահովել, հայտնում է Reuters-ը։
Լոպես Օբրադորը, որը քննադատել էր Twitter-ին այն բանից հետո, երբ սոցիալական ցանցը արգելափակել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, կոչ է արել «օրհնված սոցիալական ցանցերն» օգտագործել որպես ավանդական տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների այլընտրանք։
«Հուսով եմ, որ նա ամեն ինչ կուղղի»,- ասել է Լոպես Օբրադորը կառավարության հերթական մամուլի ասուլիսի ժամանակ՝ կոչ անելով Մասկին վերջ տալ այն ամենին, ինչը նա անվանել է «կոռուպցիա», «մանիպուլյացիաներ», բոտերին եւ «առանց թափանցիկության գովազդի գնմանը»:
«Եվ ոչ մի գրաքննություն»,- հավելել է նախագահը։ «Որպեսզի լինեն այլընտրանքային լրատվամիջոցներ, եւ մենք բոլորս կարողանանք շփվել»։