Չինաստանում առաջին անգամ գրանցվել է մարդու՝ H3N8 թռչնի գրիպով վարակվելու դեպք
Չինական Հենան նահանգում, որը գտնվում է երկրի կենտրոնական մասում, առաջին անգամ գրանցվել է H3N8 թռչնի գրիպով մարդու վարակվելու դեպք։ Այս մասին, հղում կատարելով Չինաստանի Առողջապահության հարցերի պետական կոմիտեին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վարակվածը 4-ամյա մի տղա է։ Ախտանիշերի հայտնվելուց առաջ նա շփվել էր ընտանի թռչնի հետ։ Բացի այդ, նրա տնից ոչ հեռու կարելի է հանդիպել նաեւ վայրի բադերի։ Ապրիլի սկզբին տղայի մոտ ի հայտ են եկել վարակման առաջին ախտանիշերը, այդ թվում՝ տենդ, իսկ արդեն 5 օր հետո նրա վիճակը վատացել է։ Որոշում է կայացվել հոսպիտալացնել նրան։
Ապրիլի 24-ին բուժզննումների արդյունքները ցույց են տվել, որ երեխան վարակվել է H3N8 թռչնի գրիպով։
Մասնագետների խոսքով՝ վիրուսով մինչ այդ վարակված եղել են ձիեր, շներ, թռչուններ եւ փոկեր, բայց սա մարդու վարակման առաջին դեպքն է։ Ըստ մասնագետների՝ այս դեպքը եզակի է, վիրուսի լայն տարածումն այնքան էլ հավանական չէ։