Արթուր Դավթյանին կարող են առաջադրել ևս մեկ անգամ. ինչ զարգացումներ կլինեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այն եզակի պաշտոնյաներից է, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո անգամ չհեռացվեց պաշտոնից եւ պաշտոնավարում է մինչեւ այժմ: Նա այդ պաշտոնին ընտրվել է ՀՀԿ-ի օրոք՝ 2016 թվականի սեպտեմբերին, եւ պաշտոնավարման վեց տարին լրանում է ամիսներ անց՝ սեպտեմբերին:
Եվ որքան էլ վերջին ամիսներին ակտիվ խոսակցություններ էին տարածվում, թե նա կարող է անգամ մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը հեռանալ, այժմ այլ տրամադրություններ են առկա: «Ժողովուրդ» օրաթերթն այդ մասին եւս հայտնել էր՝ նաեւ նշելով նրա եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսակցության մասին: Սակայն ուշագրավ է, որ այժմ այլ տրամադրություններ են առկա, եւ չի բացառվում, որ նրա պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո նրան ՔՊ-ն եւս մեկ անգամ առաջադրի այդ պաշտոնին, իսկ օրենքը այդ հնարավորությունը տալիս է:
Մասնավորապես՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածում ասվում է. «Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ»։ Այսինքն՝ Արթուր Դավթյանն իր պաշտոնավարման ժամկետից հետո կարող է եւս մեկ անգամ առաջադրվել այդ պաշտոնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: